ISAF-ի բեռնափոխադրումների 30%-ն Ադրբեջանի տարածքով է արվում. Ադրբեջանի փոխնախարար

ՆԱՏՕ-ն մտադիր է մինչև 2014-ի վերջն իր հիմնական մարտական ուժերը դուրս բերել Աֆղանստանից՝ ավարտին հասցնելով առաքելությունը։ Ելնելով աշխարհագրական դիրքից և այլ գործոններից՝ Ադրբեջանը բեռների ու զինծառայողների դուրսբերման հարմար տարանցիկ երկիր է։

ադրբեջանական բանակ

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) բեռնափոխադրումների 30%-ը ներկա դրությամբ Ադրբեջանի տարածքով է իրականացվում։

Նա նաև շեշտել է, որ չկա անհրաժեշտություն բեռանփոխադրումների առնչությամբ հատուկ «համաձայնագիր կնքել ՆԱՏՕ-ի հետ, սա զուտ տնտեսական հարց է, պետք չէ քաղաքականացնել այն»։

Նշենք, որ դեռևս հոկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ մեկնարկել է Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների ու ոչ ռազմական նշանակության բեռների դուրսբերման գործընթացը։ 2013-ի փետրվարի սկզբին Ադրբեջանը համաձայնել էր փոխաբեռնման կետ ծառայել Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։ Սկզբնական շրջանում ISAF-ի գոտին զբաղեցնում էր միայն մայրաքաղաք Քաբուլը, իսկ 2003-ի հոկտեմբերից ՄԱԿ ԱԽ-ն որոշեց ընդլայնել առաքելության գոտին։ 2006-ի հոկտեմբերին Աֆղանստանի ողջ տարածքով ընդլայնման գործընթացն ավարտվեց։ Խաղաղապահ առաքելության ջոկատներին ծրագրվում է դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *