Ադրբեջանում գրանցվել է զինծառայողի մասնակցությամբ հերթական ՃՏՊ-ն։ Այս անգամ ավտովթարը եղել է երկրի հյուսիսում՝ Գախի շրջանում։ Զինծառայողն ուղևորվում էր արձակուրդի։
Համաձայն Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր բաժանմունքի հաղորդած տվյալների՝ ավտովթարը գրանցվել է Ղարամարիամ-Իսմայիլի-Շեքի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին, զինծառայողի մեղքով։
Գախի շրջանի բնակիչ, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Ռուսլան Իսա օղլու Ռասուլովը «Օպել» մակնիշի մեքենայով բախվել է ճամփեզրի ծառին։ Բախման հետևանքով վարորդը և ուղևորները՝ Ֆահրադդին Նադիրովը, Գյուլաղա Նադիրովն ու Նազլը Նադիրովը, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Տուժածների վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։ Հայտնի չէ նաև՝ արդյոք զինծառայողը սթափ վիճակում է եղել ղեկին։ Մանրամասները ևս անհայտ են այս պահի դրությամբ։ Չի հաղորդվում, թե ավտովթարը որ օրը և մոտավորապես որ ժամին է գրանցվել։
Հավելենք, որ զինծառայողը վարում էր իր հոր ավտոմեքենան։