Թուրքիայում 15 ամիս տևողությամբ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը կարող է կրճատվել 3 ամսով՝ դառնալով 12 ամիս։ Համապատասխան որոշումը կարող է կայացվել հոկտեմբերի 21-ին գումարվելիք կառավարության նիստում։
Թուրքիայում արդեն մի քանի ամիս է, ինչ իշխանությունները քննարկում են պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման հարցը։ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարությունն առաջարկում է ներկայիս 15 ամիսը փոխարինել 12 ամսով, ինչը համապատասխան հավանության է արժանացել նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, ինչը ենթադրում է, որ փոփոխությունը կկատարվի։
Իսկ վերջնական փոփոխության որոշումն և այն կյանքի կոչելու ժամկետները կարող են հայտնի դառնալ արդեն այսօր, երբ Թուրքիայի կառավարությունը նիստի ժամանակ հստակեցնի բոլոր կետերը։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ հոկտեմբերի 21-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք երկրի պաշտպանության նախարարությանն առաջարկել են նոր փոփոխություններ կյանքի կոչել 2014 թվականի մարտի 1-ից։
Նշենք, որ Թուրքիայում պարտադիր ժամկետային զինծառայությունը երկու տեսակ ունի՝ պայմանական «կարճ» և «երկար»։ Կարճ ժամկետը տևում է 6 ամիս, և նախատեսված է բուհեր ավարտած կամ բուհերում սովորող երիտասարդների համար, իսկ ահա 15 ամիսը տարածվում է մյուս խմբերի վրա։ Նոր փոփոխություններով «կարճ» ծառայությունը շարունակելու է մնալ 6 ամիս, և փոփոխության է ենթարկվելու միայն «երկար» ժամկետը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր փոփոխությունների արդյունքում շուրջ 70 հազար զինծառայող կարող է ժամանակից շուտ ավարտել պարտադիր ծառայությունը։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերում պաշտոնական տվյալներով ներկայում ծառայություն է իրականացնում շուրջ 380 հազար ժամկետային զինծառայող։ Թուրքիայում զորակոչային տարիքը 20 է։