Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ լինելուց

Հոկտեմբերի 18-ին Սաուդյան Արաբիան հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ լինելուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ «ՄԱԿ-ն ունակ չէ պատերազմներն ավարտելու և հակամարտություններ լուծելու»։

ՄԱԿ ԱԽ

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը վկայել է, որ ՄԱԿ-ում գործում են երկակի ստանդարտներ, իսկ «ՄԱԿ-ի աշխատանքի սկզբունքներն ու մեխանիզմներն անհնարին են դարձնում ամբողջ աշխարհում խաղաղություն սահմանելու հարցի լուծումը»։

Ավելին, Սաուդյան Արաբիան հավաստիացրել է, որ պատրաստ է անդամակցել ՄԱԿ ԱԽ-ին այս կազմակերպության իրականացրած արմատական փոփոխություններից հետո։ Սակայն չի հաղորդվում, թե հստակ ինչ փոփոխությունների մասին է խոսքը։

Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիան առաջին անգամը չէ, որ քննադատում է ՄԱԿ-ի գործունեությունը, դժգոհելով, որ վերջինս չի կարողանում վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին։ Այս հարցում, այնուհանդերձ, Սաուդյան Արաբիան ցուցաբերում է կողմնակալ մոտեցում՝ պնդելով, որ «Սիրիայում հազարավոր մարդկանց կյանքը խլած պատերազմը վաղուց ավարտված կլիներ, եթե միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ն օգնեին Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին»։

Սաուդյան Արաբիան նաև դժգոհել է ՌԴ-ի գործողություններից։ Խոսքը գնում է մասնավորապես Ռուսաստանի՝ Սիրիայում ռազմական միջամտությունը կանխելու նպատակով իր վետոյի իրավունքի օգտագործման մասին։ Սաուդյան Արաբիան կարծում է՝ ՌԴ-ի այս քայլերը «հանգեցրել են Սիրիայի հակամարտությունը ձգձգված քաղաքացիական պատերազմի վերածելուն»։

Երկիրն իր դժգոհությունն է հայտնել նաև ՄԱԿ-ի՝ իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում «անգործության» վերաբերյալ։ Այս հարցում էլ Սաուդյան Արաբիան պաշտպանում է Պաղեստինի շահերը։

Հավելենք, որ ՄԱԿ ԱԽ-ում նախագահում են 15 երկրների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան։ Նրանք մշտական անդամներ են և վետոյի իրավունք ունեն։ Եվս 10 տեղ հատկացված է ոչ մշտական անդամ պետություններին։ Ամեն երկու տարին մեկ անգամ ոչ մշտական անդամների կազմը փոխվում է՝ համաձայն ռոտացիոն սկզբունքի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *