Իրաքի մայրաքաղաքում գրանցվել է հերթական պայթյունը։ Այս անգամ ականապատ ավտոմեքենայով մահապարտ ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել Բաղդադի մարդաշատ սրճարաններից մեկի մերձակայքում։
«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ պայթյունը հոկտեմբերի 20-ին է եղել, դրա զոհ է դարձել ոչ պակաս, քան 30 հոգի։ AFP գործակալությունը տեղեկացնում է 26 մահացածների, 39 վիրավորների մասին։
Շիա մուսուլմաններով բնակեցված թաղամասում կազմակերպված այս պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
AFP գործակալությունը շեշտում է՝ նման խոշոր պայթյուն ավելի վաղ էլ էր գրանցվել։ Խոսքը գնում է հոկտեմբերի 18-ին պաղպաղակների խանութին կից պայթուցիկով լբեռնված մեքենայի պայթյունի մասին, որը խլել է 16 հոգու կյանք։ Իսկ հոկտեմբերի 17-ին Իրաքի մայրաքաղաքում գրանցված պայթյունների շարքի հետևանքով զոհվել է 44 մարդ։
Հավելենք, որ միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում Իրաքում կազմակերպված ահաբեկչական գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 470 հոգի։ Ընթացիկ տարվա սկզբից մինչ օրս Իրաքում ահաբեկչական տարբեր խմբավորումների ահաբեկչական գործողությունները պատճառ են դարձել 5200 մարդու մահվան համար։