ԱՄՆ ԱԱԳ-ն ընթերցել է Մեքսիկայի նախագահի էլեկտրոնային նամակները. Սնոուդեն

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2010-ին ներթափանցել է Մեքսիկայի նախագահի էլեկտրոնային փոստ։ Բացի նախագահին վերաբերող արժեքավոր տեղեկություններից, ԱՄՆ ԱԱԳ-ին հաջողվել է զուգահեռ ընթերցել նախարարների նամակագրությունը։

Ինչպես երևում է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ լրագրողներին տրամադրած փաստաթղթերից, ԱԱԳ-ի հատուկ վարչությունը, որը զբաղվում է հույժ կարևոր տեղեկությունների ձեռքբերմամբ, 2010-ի մայիսին կոտրել է Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային փոստը։ Վերջինս պաշտոնավարել է 2006-ից մինչև 2012-ը։

Փոստային սերվերը կոտրելու գործողությունը ստացել է «Flatliquid» անվանումը։ Դեռևս չի հաղորդվում՝ արդյոք ԱՄՆ-ն ներկա պահին էլ հնարավորություն ունի հետևել Մեքսիկայի նախագահի ու պաշտոնյաների նամակագրությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ԱԱԳ-ն հետևել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի, ինչպես նաև Մեքսիկայում այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Էնրիկե Պենյան Նյետոյի նամակագրությանը։ Ըստ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի՝ ամերիկացիները պարբերաբար ընթերցել են 2012-ի հունիսից գրված Նյետոյի նամակները, որոնցում Մեքսիկայի ապագա նախագահը քննարկում էր մյուս թեկնածուներին։ Բացի այդ, գաղտնալսվում էր նրա հեռախոսը, և ընթերցվում էին բջջային հաղորդագրությունները։

Բրազիլիայի ու Մեքսիկայի ԱԳՆ-ներն այս դեպքից հետո կանչել էին ԱՄՆ դեսպաններին՝ ԱՄՆ ԱԱԳ-ի կողմից գաղտնալսումների ու գաղտնի նամակագրության ընթերցումների հետ կապված լուրերի առնչությամբ բացատրություն պահանջելու նպատակով։ Մեքսիկայի ԱԳՆ-ն պնդել էր, որպեսզի ԱՄՆ կառավարությունը «հանգամանալից հետաքննություն սկսի», իսկ Բրազիլիայի կառավարությունը առավել կոշտ որակավորումներ էր տվել տեղեկության արտահոսքին՝ շեշտելով, որ ԱՄՆ հետախուզության քայլերը «անհանդուրժելի միջամտություն են Բրազիլիայի ներքին գործերին»՝ պահանջելով անհապաղ բացատրություններ տալ։

Հավելենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ու ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013-ի ամռան սկզբին բրիատանական The Guardian-ին ու մի շարք առաջատար լրատվամիջոցների էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։ Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։ Ըստ Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքագրման այդ համակարգը կիրառվում է օրենքից դուրս, բայց համաշխարհային մակարդակով հայտնի համացանցային ու բջջային կապի ընկերությունների ներքին համաձայնությամբ։ Սնոուդենը, բացի ամերիկյան գաղտնի փաստաթղթերից, տեղեկություններ է հրապարակել վերջիններիս եվրոպական ծառայակիցների հետ համագործակցության վերաբերյալ։

Մամուլի՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակման ժամանակ Սնոուդենն արդեն իսկ լքել էր ԱՄՆ-ն և Հոնկոնգում էր։ Հունիսի վերջին նա ժամանել էր Մոսկվա՝ Շերեմետևո օդանավակայանում մնալով 40 օր։ ՌԴ իշխանությունները նրան տրամադրել են 1 տարի ժամկետով ժամանակավոր ապաստարան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *