Ուկրաինան Թաիլանդին է տրամադրել առաջին «Օպլոտները»

Ուկրաինական «Ուկրոսպեցէկսպորտ» ընկերությունը Թաիլանդի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարությանն է տրամադրել «Օպլոտ» հիմնական մարտական տանկերի առաջին խմբաքանակը՝ 5 միավորից։

Ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի՝ տանկերի տրամադրումը կայացել է հոկտեմբերի 15-ին։ Միևնույն ժամանակ արտադրող ընկերությունը հայտնել է, որ փոխանցվելիք 5 տանկերը ներկայացվել են հենց հոկտեմբերի 15-ին։

Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

Տ-84Ու «Օպլոտ» տանկերի տրամադրման մասին պայմանագիրը Ուկրաինայի ու Թաիլանդի միջև կնքվել է 2011-ի սեպտեմբերին։ Ըստ պայմանագրի՝ ուկրաինական կողմը 49 միավոր «Օպլոտ» է տրամադրելու Թաիլանդին։ Ենթադրվում է, որ պայմանագրի արժեքը մոտ 230 մլն ԱՄՆ դոլար է, իսկ ամբողջ գումարի տրամադրումը Թաիլանդի կողմից իրականացվելու է առաջիկա 3 տարիների ընթացքում։

Թաիլանդի համար նախատեսված տանկերի արտադրությունը Ուկրաինայում սկսվել է դեռևս 2012-ին։ Նշված տանկերն իրենց երթային ու կրակային փորձարկումներն անցել են սեպտեմբերին։

«Օպլոտները» կփոխարինեն թաիլանդական սպառազինության մեջ մտնող M41 ամերիկյան հնացած տանկերը։ Ենթադրվում է, որ ամերիկյան տանկերն ամբողջությամբ փոխարինելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 100 միավոր հիմնական մարտական տանկ։

«Օպլոտ» տանկը սպառազինված է 125 մմ հարթափող թնդանոթով, զենիթային 12, 7 մմ ու թնդանոթին կցված 7,62 մմ գնդացիրներով։ Տանկի վրա տեղադրված է հակատանկային հեռակառավարվող հրթիռների «Կոմբատ» արձակման կայան։ Պաշտպանված է «Դուպլետ» դինամիկ պաշտպանության ու «Վարտա» ակտիվ պաշտպանության համակարգերով։

«Օպլոտի» վրա տեղադրված է 1200 ձիաուժանոց 6ՏԴ-2Ե դիզելային շարժիչ, որի միջոցով տանկը զարգացնում է մինչև 70 կմ/ժ արագություն։ Տանկի զանգվածը 51 տոննա է, անձնակազմը՝ 3 հոգի։

One response to “Ուկրաինան Թաիլանդին է տրամադրել առաջին «Օպլոտները»

  1. Pingback: Ուկրաինայի արևելքում օգտագործված տեխնիկան նորոգման կարիք ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *