Ռուսաստանի սևծովյան նավատորմի սուզանավերի քանակը կհասցվի յոթի

Ռուսաստանը նախատեսում է սևծովյան նավատորմում դիզել-էլեկտրական սուզանավերի թիվը հասցնել յոթի։ Այդ մասին «ՌԻԱ-Նովոստի» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է սևծովյան նավատորմի հրամանատար` կոնտր-ադմիրալ Ալեքսանդր Ֆեդոտենկովը։

Այս պահին սևծովյան նավատորմի կազմում մնացել է միայն մի աշխատունակ սուզանավ` 877 նախագծի «Ալռոսա» սուզանավը։ Նախատեսվում է կառուցել 636 նախագծի 6 սուզանավ։ Այդ նախագիծն ի սկզբանե նախատեսված էր եղել Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին վաճառելու համար, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն այն սկսեց առաջարկել նաև այլ երկրների։ 90-ականների կեսերից սկսվել է այդ տիպի սուզանավերի սերիական արտադրություն` չինական պատվերով։ Ընդհանուր առմամբ Չինաստանը գնել էր 12 սուզանավ։ 6 այդպիսի սուզանավ էր պատվիրել նաև Վիետնամը, իսկ ևս 2-ը` Ալժիրը։

Եվ ահա, Ռուսաստանը որոշել է վեց այդպիսի սուզանավեր կառուցել նաև սեփական կարիքների համար։ Առաջին երեք նավերը պատրաստ պիտի լինեն 2014 թվականին, մեկը` 2015-ին և վերջին երկուսը` 2016-ին։

636 նախագծի սուզանավերն ունեն 3000 տոննա ջրատարողություն, 18 հանգույց արագություն (~33.336կմ/ժ), սուզման մինչև 300 մետր խորություն և մինչև 400 մղոն (~740.8կմ) նավարկման հեռավորություն։ Սուզանավերը կարող են ինքնուրույն ծովում մնալ մինչը 45 օր, զինված են 533մմ տրամաչափի տորպեդներով, ականներով և «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգով։

Խոսելով սևծովյան նավատորմի զարգացման հեռանկարների մասին` Ֆեդոտենկովը նշել է նաև, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում նավատորմը կստանա նաև 1135.6 նախագծի նոր ֆրեգատներ (այդպիսի ֆրեգատներ մինչ այդ Ռուսաստանը կառուցել էր Հնդկաստանի համար)։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *