Հայ խաղաղապահները դուրս են բերվել Կոսովոյից: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է բանակի խնդիրներին, դրանց ծագման պատճառներին և հրադադարի խախտման դեպքերին: Իսկ Իրանում համոզված են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակվելը հավասարազոր կլինի ինքնասպանության: Թուրքիայի ԳՇ պետն էլ Ադրբեջանում հիշել է Աթաթուրքի խոսքերը:
- Անդրադառնալով բանակում գրանցված միջադեպերին՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաև այն, թե որքան է զինվորականը յուրացնում մարտական կանոնադրությունը և որքանով անվտանգ է օգտագործվում այդ պայմանները»: Նա հավելել է, որ թերացումների համար աշխատանքից ազատվել է ղեկավար կազմից՝ 10 պաշտոնյա, պատժվել են շուրջ 10 վարչության պետեր, 30 զորամասի հրամանատարներ:
- «Կոնկրետ իմ կողմից հրաման կա, որպեսզի պատասխանեն այն կրակոցներին, որոնք արձակվում են դիպուկահարների կողմից՝ այդ կրակոցները կանխելու նպատակով: Անկանոն կրակոցների մենք չենք պատասխանում»,- անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին՝ ասել է Սեյրան Օհանյանը:
- «Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից: Հունական կողմի մանդատը լրացել է արդեն, իսկ մենք առաքելությունն իրականացնում էինք հունական զորախմբի կազմում»,- նշել է ՀՀ ՊՆ խաղաղարար բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
- Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը փետրվարի 13-ին կայցելի Հայաստան:
Հայ փորձագետներն անդրադարձել են «Oxford Analytica» պարբերականի հրապարակմանը, իսկ ԵԱՀԿ առաքելությունը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հորադիզ բնակավայրի մերձակայքում պլանային դիտարկում է անցկացրել:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- «Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կլինի ինքնասպանություն: Իրանը լավ հնարավորություններ ունի համայն աշխարհում ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու համար»,- հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
- Իրանի իշխանություններն ակնկալում են, որ Ղրղըզստանը թույլ չի տա ամերիկացիներին օգտագործել «Մանաս» ռազմաբազան` Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ:
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր:
- Eurasianet.org վերլուծական կայքի փորձագետ Ջոշուա Կուչերանի հավաստմամբ՝ Վրաստանը մոտ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա:
- «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, նրա վիշտը` մեր վիշտը»,- Ադրբեջանում Աթաթուրքի խոսքերն է մեջբերել Թուրքիայի ԳՇ պետ Նեջեթ Օզելը և հավելել, որ Թուրքիան հետագայում էլ բոլոր հարցերում շարունակելու է աջակցել Ադրբեջանին:
- ԱՄՆ-ի ազգային անվտանգության բյուրոյի` 2012 թ-ին աշխարհում սպասվող իրադարձությունների վերաբերյալ պատրաստած զեկույցը անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի իշխանական ճամբարում: Զեկույցում Միջին Ասիան և Ադրբեջանն անվանվել են «կրակե օղակի» կենտրոն և նշվել է, որ 2012 թ-ին այդ տարածաշրջաններում, հնարավոր է, անսպասելի իրադարձություններ տեղի ունենան:
- ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում կոալիցիա ստեղծել, որը կաջակցի սիրիական ընդդիմադիր խմբավորումներին:
- Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրակարգից չի հանում սիրիական ընդդիմադիր խմբավորումներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը:
- Ամերիկյան անօդաչու թռչող սարքն այսօր Պակիստանի հյուսիսարևմտյան հատվածում ոչնչացրել է «Թալիբան» շարժման ութ գրոհայինի:
- Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ մի քանի հարյուր ֆրանսիացի զինվորներ Աֆղանստանի ազգային բանակին ուսուցանելու նպատակով կմնան երկրում՝ 2013 թ. զինվորական ուժերի դուրս բերումից հետո։ Ֆրանսիան և Աֆղանստանը 20 տարի ժամկետով բարեկամության և համագործակցության պայմանագիր են կնքել: