Իրաքյան պատերազմի զոհերի թիվը շուրջ կես միլիոն մարդ է

Իրաքյան պատերազմի զոհ է դարձել այդ երկրի երկրի շուրջ կես միլիոն քաղաքացի։ Այսպիսի եզրահանգման են եկել այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի, կանադացի և իրաքցիգիտնականները։  Արդյունքները հրատարակվել են «PLOS Medicine» ամսագրում։

Գիտնականները նման եզրակացության են եկել 2000 իրաքյան ընտանիքի շրջանում բանավոր հարցումներ անելու շնորհիվ։ Հարցումներն իրականացվել են 2011 թվականի մայիսից հունիս ամիսներին։ Պատասխանողներն ընտրվել են պատահական ընտրությամբ և երկրի բոլոր շրջաններից։

Նրանց հարցրել են իրենց բարեկամների շրջանում զոհերի մասին սկսած 2001 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ նախապատերազմյան շրջանից մինչև 2011 թվականի հունիսը, երբ ԱՄՆ-ի ու դաշնակիցների զորքերը սկսեցին լքել Իրաքը։

Համաձայն ստացված տվյալների՝ 2003-2011 պատերազմի ժամանակ երկրում զոհվել են 405 հազար մարդ և ևս 55 հազար փախստական։

Մահերի մոտ 60 տոկոսի պատճառը բռնություններն են։ Մյուսները մահացել են պատերազմի հետ կապված անուղղակի պատճառներից՝ ենթակառուցվածքների քանդման, հիվանդանոց չհասնելու կամ հիվանդոնոցի ծանրաբեռնվածության պատճառով։

BBC News-ը  նշում է, որ գիտնականները արձանագրել են մանկական մահերի մեծ թիվ և պատերազմի ժողովրդագրական այլ հետևանքներ։

Նախկինում հրապարակվում էին ինչպես ավելի համեստ, այնպես էլ ավելի մասշտաբային տվյալներ։

Օրինակ, բրիտանական «Iraq Body Count» կազմակերպությունը  հաշվել էր ավելի քան 110 հազար մահացածների։ Իսկ Opinion Research Business (ORB) գործակալությունը, 2008 թվականին հարցաքննելով երկրի 1720 քաղաքացու, հաստատում էր, որ զոհերի թիվը հասնում է մոտ 1 մլն մարդու։

ԱՄՆ զինված ուժերն ու դաշնակիցներն Իրաք մտան 2003 թվականի մարտին։  Նպատակն էր տապալել Սադամ Հուսեյինի վարչակարգը։ Չնայած, որ երկրի նախագահին ձերբակալեցին նույն տարվա դեկտեմբերին, սակայն պատերազմն այդպիսով չավարտեց։ ԱՄՆ զինված ուժերն ու դաշնակիցները վերջնականապես դուրս բերվեցին երկրից միայն 2011 թվականի դեկտեմբերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *