Սիրիայում ազատել են Գոլանի բարձունքներում առևանգված ՄԱԿ-ի խաղաղապահին

Սիրիայի կառավարությունը հոկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ազատ է արձակվել 2013 թվականի փետրվարին Գոլանի բարձունքներում գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի դիտորդներից Կառլ Կամպոն։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության կայան

Գոլանի բարձունքներում խաղաղապահ առաքելության կայան

Դամասկոսի տվյալներով՝ Կամպոյին հափշտակել էին ահաբեկիչները, որոնք Գոլանի բարձունքներում գործում էին սիրիացի և իսրայելցի զորքերի սահմանագծի շրջանում։

Կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն այնտեղ հետևում էին միջազգային «կապույտ սաղավարտ» խաղաղապահ ուժերը, որի սպաներից մեկն էլ եղել է կանադացի Կամպոն։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները գրել էր, որ նա իրավաբան է և Գոլանում աշխատում է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերում։

2013 թվականի փետրվարին Կամպոին առևանգելու պատասխանատվությունն այդպես էլ ոչ ոք իր վրա չվերցրեց, և հասկանալի էլ չէր, թե ինչի են ուզում հասնել կանադացուն առևանգողները, և արդյոք ինչ-որ պահանջ լինելու է, թե ոչ։

Այս տարվա մարտին Գոլանի բարձունքներում առևանգվել էին նաև 20 զինծառայող ՄԱԿ-ի ֆիլիպինյան խաղաղապահ ուժերից։ Նրանց 3 օր անց ազատ արձակեցին, իսկ ահա մայիսին ևս 4 ֆիլիպինցու առևանգեցին, որից հետո Մանիլան հայտարարեց, որ դուրս է բերում իր զորքերին Գոլանից։

ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայված են Իսրայելի և Սիրիայի սահմանագծին 1974 թվականից։ Նրանք հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *