«Ռոսօբորոնպոստավկա» ընկերությունը, որը ՌԴ ՊՆ-ի պատվիրող մարմինն է, 74 մլն ռուբլի (929 հազար ԱՄՆ դոլար) գումարի սահմաններում Glock ատրճանակների գնման հայտ է տեղադրել։ Դրանք նախատեսվում է տրամադրել ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության զորքերին։
Հայտնի է նաև, որ հաղթողը պարտավոր է լինելու Սոլնեչնեգորսկի 92154 զորամասին ատրճանակները տրամադրել 2014-ի նոյեմբերի 25-ից ոչ ուշ։
Ըստ առաջին հայտի՝ ՌԴ-ն ցանկանում է ձեռք բերել 318 միավոր 9X19 մմ «Պարաբելլում» տրամաչափի Glock-17 Gen.4 ատրճանակներ։ Այս խմբաքանակի համար ՊՆ-ն պատրաստ է վճարել 53,5 մլն ռուբլի (666 հազար ԱՄՆ դոլար) 2013-ի ընթացքում, իսկ 2014-ին՝ 13,4 մլն ռուբլի (164 հազար ԱՄՆ դոլար)։ Զենքը տրամադրող ընկերությունը պետք է երկու տարվա երաշխիք տա, որի մեկնարկը սկսվելու է պայմանագրի կնքումից։
Բացի այդ, ամեն մի Glock-17 Gen.4 պետք է իրեն կցված ունենա 17 փամփուշտ տարողությամբ պահունակ, լազերային նշանոց, գոտկավոր պատյան՝ կարծրաձույլ մետաղից, օպերատիվ ու կողային պատյան, քեյս, մաքրման համար նախատեսված լրակազմ։ Զենքի երկարությունը չպետք է գերազանցի 183 մմ-ը, իսկ փողինը՝ 114 մմ-ը։ Масса Glock-17-ն առանց պահունակի պետք է լինի 620 գ-ից ոչ ավել։
Երկրորդ հայտով պետք է տրամադրվի 9X19 մմ «Պարաբելլում» տրամաչափի 24 միավոր Glock-26, որի գնման համար ծրագրվում է ծախսել 2013-ին 3,7 մլն ռուբլի (50 հազար ԱՄՆ դոլար), իսկ 2014-ին՝ 917,3 հազար ռուբլի (12 հազար ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, Glock-26-ը պետք է տրամադրվի այն լրակազմով, ինչ Glock-17 –ը։ Երկարությունը չպետք է գերազանցի 160 մմ-ը, փողինը՝ 88 մմ-ը։ Առանց պահունակի զենքը պետք է լինի ոչ ավել, քան 560 գ-ը։
Ստացվում է՝ լրակազմով Glock -17-ի արժեքը 210 հազար 210 ռուբլի է, այսինքն՝ մոտ 6370 ԱՄՆ դոլար, իսկ Glock-16-ինը՝ 191110 ռուբլի, շուրջ՝ 5790 ԱՄՆ դոլար։ Սակայն ԱՄՆ-ում այս ատրճանակների շուկայական գինը կազմում է մոտ 600 ԱՄՆ դոլար։
Ռուսաստանում փորձագետների մի մասը նշում է, որ այս տարբերությունը բավականին մեծ է՝ հատկապես հաշվի առնելով, որ լրակազմում յուրահատուկ բաղադրիչներ ընդգրկված չեն։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն ավստրիական Glock անցյալում ևս գնել է։
Մասնավորապես, 2009-ին մեկնարկել է ՌԴ ՊՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներին Glock-17-երի տրամադրումը։ 2007-ից ՌԴ ՆԳՆ-ն իրավունք է ստացել գնել արտերկրյա արտադրության ատրճանակներ։ 2009-ին ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ձեռք է բերվել 40 միավոր Glock-17։
2013-ի մարտին «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ ներկա դրությամբ ՌԴ-ն բանակցություններ է տանում ավստրիական Glock ու Steyr Mannlicher ընկերությունների հետ՝ զենքի համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ։ Հավանաբար արտադրամասն Իժևսկում կհիմնվի։