Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք փաստում են՝ Թուրքմենստանում ավարտին է մոտենում թուրքական YTKB տիպի կատերների նավաշինական աշխատանքը։ Կատերները Թուրքմենստանին հարկավոր են պետական սահմանապահ ծառայության համար։
River-forum.ru համացանցային աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքմենբաշիի նավաշինական-վերանորոգման գործարանում ինտենսիվորեն ընթանում են պարեկային կատերների կառուցման աշխատանքները։
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ հոկտեմբերին արդեն նավաշինարանում են 4 կամ պատրաստ վիճակում, կամ էլ գրեթե ավարտուն NTPB կամ YTKB տիպի կատերներ, որոնցից մեկը կրում է SG 113 կողային համարը, իսկ մյուսը՝ Erkana անունն ու SG 114 կողային համարը։ Մյուս երկուսը նավահավաքման տեղում են՝ գրեթե պատրաստ վիճակում։ Դրանցից մեկը կրում էր Mergen անունը և SG 116 կողային համարը։
Հիշեցնենք, որ 2010-ին Թուրքմենստանը 55 մլն եվրո (շուրջ 74 մլն դոլար) արժողությամբ պայմանագիր էր ստորագրել թուրքական մասնավոր նավաշինական Dearsan Shipyard (Dearsan Gemi Insaat Sanayili S.A) ընկերության հետ NTPB կամ YTKB նախագծի 2 միավոր նոր պարեկային կատերների կառուցման վերաբերյալ։ Ընդ որում, Dearsan Shipyard-ը կառուցել է կորպուսային սեկցիաները, որոնք հետո թուրք մասնագետների ղեկավարության ներքո հավաքվել են Թուրքմենբաշիի՝ 2010-ին հիմնադրված Ուֆրայի նավաշինարանում։ Դրանք CG 101 Arkadag ու CG 102 Barkarar կատերներն էին։
2013-ի հունիսի 6-ին թուրք լրագրող Ջեմ Դևրիմ Յայլալին, մեջբերելով 1980-ից գործող թուրքական Dearsan ընկերության ներկայացուցչի հետ իր զրույցը Ստամբուլի IDEF-2013 ռազմական ցուցահանդեսին, Եվրասիանեթ կայքին հայտնել է, որ Թուրքմենստանը Dearsan-ից գնում է 8 ռազմանավ: Դեռևս անհայտ են թուրքմենական պատվերի կատարման ժամկետները, ինչպես նաև գնվող ռազմանավերի տիպը, սակայն Ջեմ Յայլալի կարծիքով՝ դրանք YTBK տիպի պարեկանավեր էին լինելու, որոնցից 2 հատ Թուրքմենստանն արդեն գնել էր 2011 թվականին։ YTBK տիպի պարեկանավերը զինված են 40 մմ հրանոթով, 2 հատ 12,7 մմ հեռակառավարման հնարավորություն ունեցող գնդացրով, հակասուզանավային հրթիռներով և խորքային ռումբերով։
2012-ի դեկտեմբերին թուրքմենական կայքերը գրել էին, որ Dearsan-ը Թուրքմենստանի՝ ծովային ու գետային տրանսպորտի պետական ծառայության համար կկառուցի 4 նավաքարշ նավեր։
Թուրքմենստանը Կասպյան 5 երկրներից մեկն է, որոնք մինչ օրս համաձայնության չեն եկել ծովային սահմանազատման շուրջ: Ավելին, Թուրքմենստանը պնդում է, որ իրեն պատկանող նավթագազային «Սերդեր», «Օսման» և «Օմար» հանքավայրերն անօրինական զավթվել ու շահագործվում են Ադրբեջանի կողմից՝ հայտարարելով, որ հարցի լուծման համար դիմելու է ՄԱԿ միջազգային դատարան: