Ականի պայթյունից ՀՀ ԶՈւ սպա է մահացել, կան վիրավորներ

ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս  ականի պայթյունից ՀՀ ԶՈւ սպա է մահացել, ևս 3 զինծառայող վնասվածքներ են ստացել։

Հոկտեմբերի 16-ին ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը։

1988 թվականին ծնված կապիտան Մնացականյանը ծառայում էր 2005 թվականից, զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից:

Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *