Զինյալները հարձակվել են Հալեպի կենտրոնական բանտի վրա

Սիրիայում զինյալները հարձակվել են Հալեպ քաղաքի կենտրոնական կալանատան վրա: Նախնական տվյալներով՝ զինյալների հիմնական նպատակը եղել է կալանատան վարչական բաժանմունքը, որտեղ դաժան մարտեր են ընթացել։

Ինչպես հաղորդում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, կալանատան վրա հարձակմանը մասնակցել են հիմնականում «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական կազմակերպության զինյալները, որոնք սերտ հարաբերություններ ունեն «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։

Դեռևս նորություններ չկան մարտերի ընթացքում զոհերի ու վիրավորների թվի մասին։

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսին զինյալներին հաջողվել էր գրոհ կազմակերպել նույն բանտի վրա` իրենց վերահսկողությունը հաստատելով մի քանի մասնաշենքերի վրա։ Նույնիսկ մինչ այժմ Հալեպի կալանատան մի մասն իրենք են վերահսկում։ Մյուս հատվածը կառավարական ուժերի հսկողության ներքո է։

Հավելենք, որ Հալեպը Սիրիայի թվով երկրորդ մեծ քաղաքն է։ Ներկայումս զինյալների ու կառավարական զորքերի բախումների և թեժ մարտերի կիզակետ է։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *