Հունգարիայում դատում են նախկին կոմունիստ ղեկավարների՝ ռազմական հանցանքի համար

Հունգարիայի դատախազությունն առաջին անգամ ռազմական բնույթի հանցանքների մեղադրանքներ է ներկայացրել մինչև 1989-ը երկիրը ղեկավարող կոմունիստական կուսակցության առաջնորդներից մեկին, ով ներկայումս 92 տարեկան է։

Բելա Բիսկու
Բելա Բիսկու

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելա Բիսկուն մեղադրվում է հակակոմունիստական ընդվզումների բռնի ճնշման համար, որոնք մեկնարկել էին 1956-ին։ Այդ ժամանակ Բիսկուն կուսակցության ժամանակավոր կառավարման մարմնի ներկայացուցիչ էր։

Դատախազությունը վկայում է, որ Բիսկուն հրամայել էր դեկտեմբերին գնդակահարել ցուցարարներին, երբ ժողովրդական ընդվզումն արդեն ճնշվել էր խորհրդային բանակի ստորաբաժանումների օգնությամբ։ Շալգոտարյան քաղաքում վերջինիս հրամանով գնդկահարել են 46 հոգու, այդ թվում՝ կանանց ու երեխաների։ Զոհերի ընդհանուր թիվը դատախազության տվյալներով 50 է։

Բացի այդ, Բիսկուին մեղադրանքներ են ներկայացված ապօրինի զենք պահելու համար։ Երբ 2012-ի սեպտեմբերին ոստիկանությունը խուզարկում էր նրա բնակարանը, այնտեղ հայտնաբերեցին 11 փամփուշտ, նրան ձերբակալեցին հենց այդ ժամանակ, և նրա նկատմամբ սահմանվեց տնային կալանք։

Հիշեցնենք, որ Բելա Բիսկուն ցույցերի մարումից հետո՝ 1957-1961-ին, պաշտոնավարում էր՝ որպես Հունգարիայի ներքին գործերի նախարար։

Հավելենք, որ Հունգարիայի կոմունիստ նախկին ղեկավարների հետապնդումը հնարավոր եղավ, երբ 2011-ին հատուկ օրենք ընդունվեց։ Համաձայն դրա՝ ռազմական հանցանքները վաղեմության ժամկետ չունեն։ Օրենքի ընդունման նախաձեռնողը ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *