Կանադացի զինծառայողները ծանոթանում են TAPV զրահամեքենային

Կանադացի 50 զինծառայողներ փորձարկում են կանադական Tactical Armoured Patrol Vehicle (TAPV, Թաքթիքալ արմորդ փաթրոլ վեհիքլ) զրահամեքենան, որպեսզի ավելի լավ ծանոթանան դրա հնարավորություններին։

Զինծառայողները հետագայում պիտի առաջարկներ անեն դրա կատարելագործման վերաբերյալ, քանի որ զրահամեքենայի մի շարք սարքավորումներ ու սպառազինությունը տեղադրվում են պատվիրատուի առաջարկով։

Կանադական TAPV զրահամեքենան

Կանադական TAPV զրահամեքենան

Բացի ընթացային հնարավորություններից, կանադացի զինծառայողները փորձում են նաև զրահամեքենայի հեռակառավարվող սպառազինությունն ու հետախուզական-դիտարկման սարքավորումները։

Նշվում է, որ TAPV զրահամեքենան ընտրվել է իր պաշտպանվածության ու շարժունակության, ինչպես նաև սպառազինության շնորհիվ։ Նախատեսվում է, որ այն Կանադայի ԶՈւ սպառազինության կվերցվի 2014-ի ապրիլին, երբ փորձարկումները կավարտվեն։

Նախատեսված է, որ TAPV զրահամեքենաները կփոխարինեն Կանադայի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինության Coyote (Կոյոտ) ու Armoured Patrol Vehicle RG-31 (Արմորդ փաթրոլ վեհիքլ) զրահամեքենաներին, ինչպես նաև իր վրա կվերցնի G-Wagon (Ջի-Վագոն) զրահամեքենայի որոշ գործառույթներ։ Նոր զրահամեքենան կկիրառվի ինչպես հետախուզական ու դիտարկման գործողություններում, այնպես էլ անձնակազմի ու բեռների ապահով տեղափոխման ու ղեկավարման գործառույթներ։

TAPV զրահամեքենայի վերելքի անկյունը 60 աստիճան է

TAPV զրահամեքենայի վերելքի անկյունը 60 աստիճան է

TAPV զրահամեքենայի նախագծումը սկսվել է դեռևս 2009-ին։ 4×4 ընթացամասով զրահամեքենայի վրա տեղադրված է 365 ձիաուժանոց դիզելային շարժիչ, որի շնորհիվ մեքենան կարող է զարգացնել մինչև 105 կմ/ժ արագություն։ Զրահամեքենայի վերելքի անկյունը 60 աստիճան է, կողաթեքմանը՝ 30, գետնահեռությունը 635 մմ է։

Զինված է 40 մմ նռնականետով, կարող են տեղադրվել նաև 12,7 մմ ու 7,62 մմ գնդացիրներ։ Մեքենայի արժեքի մասին տվյալներ դեռ չեն նշվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *