Անգոլան 1 մլրդ դոլարի սպառազինության գնման պայմանագիր է կնքել ՌԴ-ի հետ

Անգոլայի պաշտպանության նախարարությունը և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել 1 մլրդ ամերիկյան դոլարի չափով սպառազինության տրամադրման համար ՌԴ փոխվարչապետի՝ Անգոլա կատարած այցի շրջանակներում ձեռք բերված արդյունքների հիման վրա։

Սու-30Կ

Սու-30Կ

«Վեդոմոստի» թերթի տվյալներով՝ պայմանագիրը ենթադրում է խորհրդային արտադրության սպառազինության բաղադրամասերի, ինքնաձիգերի, զինամթերքի, տանկերի, հրետանային կայանների, Մի-17 բազմաթիրախային ուղղաթիռների տրամադրում անգոլական կողմին։

Բացի այդ, Անգոլան կստանա 18 միավոր վերանորոգված, սպառազինված Սու-30Կ կործանիչ, որոնք մինչ այդ ընդգրկված էին Հնդկաստանի ՌՕՈւ կազմում։

Նշենք, որ Սու-30Կ կործանիչները տրամադրվել էին Հնդկաստանին դեռևս 1996-ին, որոնք հետո փոխարինվել էին Սու-30ՄԿԻ կործանիչներով, իսկ Սու-30Կ-ները վերադարձվել էին ռուսական կողմին։

«Վեդոմոստին» չի հստակեցնում՝ արդյոք Անգոլան սեփական միջոցներով է վճարելու սպառազինության համար։ Մի կողմից հայտնի է, որ ՌԴ-ն Անգոլայի տարածքում փամփուշտների արտադրման գործարան է հիմնել։

Մյուս կողմից էլ, 2013-ի ապրիլին հայտնի է դարձել՝ ռուսական բանկերից մեկը մասնակցել է Անգոլայի կողմից ռուսական սպառազինության գնման ֆինանսավորմանը։

Հավելենք, որ Անգոլան ներկա դրությամբ ՌԴ-ի համար աֆրիկյան տարածաշրջանում կարևոր գործընկերներից է։ Մասնավորապես, միջազգային կառույցներում ու քննարկումներում երկու երկրները համախոհներն են։ Անգոլան համակարծիք է նաև Սիրիայի հարցում ՌԴ-ի որդեգրած դիրքորոշմանը։

Թերևս հենց սերտ հարաբերությունների շնորհիվ է, որ 1996-ին Ռուսաստանը չեղյալ համարեց Անգոլայի՝ իրեն ունեցած 5 մլրդ ԱՄՆ դոլարի պարտքը։ Մյուս պարտքերն Անգոլան պայմանավորվել է մարել 20 տարվա ընթացքում։ Պարտքը հիմնականում գոյացել է ԽՍՀՄ-ի օրոք սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումների հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *