Լոս Անջելեսի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու գործով կասկածյալ է ձերբակալվել

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տեղի օդանավակայանի աշխատակիցներից մեկին՝ չոր սառույցից 4 պայթուցիկ պատրաստելու և տերմինալներում տեղադրելու կասկածանքով։ Նրան արդեն պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել։

Լոս Անջելեսի օդանավակայան

Լոս Անջելեսի օդանավակայան

Ձերբակալվածը 28-ամյա Դիքարլո Բեննեթն է, որն ինքնաթիռների սպասարկմամբ զբաղվող Servisair ընկերությունում է աշխատում։

Հետաքննության տվյալներով՝ Բեննեթը պայթուցիկները սարքել է հենց օդանավակայանի տարածքում։ Ընդ որում, չոր սառույցը վերցրել է այն ինքնաթիռից, որը սպասարկում էր։ Այնուհետև տեղադրել է սառույցը պլաստիկ շշերում՝ դրանք տանելով հանգստի սենյակներ։ Դեռևս պարզ չէ Բեննեթի նպատակը, սակայն իշխանություններն ավելի վաղ բացառել են ահաբեկչության հավանականությունը։

Հիշեցնենք, որ պայթուցիկներից մեկը պայթել է հոկտեմբերի 14-ին տեղական ժամանակով 20։30-ի սահմաններում։ Պայթյունը գրանցվել է Թոմ Բրեդլիի անվան տերմինալում, որտեղ թույլատրված է միայն աշխատակիցների մուտքը։ Մյուս երկու պայթուցիկները, որոնք չեզոքացվել են, տեղադրված էին եղել ինքնաթիռներին բավականին մոտ։

Չորրորդ պայթուցիկը պայթել էր ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 19։00-ի սահմաններում, թիվ երկու տերմինալի հանգստի սենյակում։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, այս տերմինալ ևս կարող էին մտնել միայն աշխատակիցները։ Պայթյունի ձայնը լսած աշխատակիցներից մեկը դեպքի վայրում հայտնաբերել է պլաստիկ շիշ, որի մեջ չոր սառույց էր։

Հավելենք, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան, օդանավակայանում ավերվածություններ չեն եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *