Տ-90Ս տանկը ներկայացվել է Պերուում

Տ-90Ս տանկը երթային ու կրակային վարժություններ է կատարել Պերուի «Կրուզ դե Հուեսո» «Cruz de Hueso» զորավարժարանում։ Վարժությունների ընթացքում տանկը կատարել է հրանոթի 38 կրակոց։

Հայտնի է, որ տանկի փորձարկումները անց են կացվել 3 օր։ Առաջին օրվա ընթացքում տանկը կրակ է վարել եղանակային բարդ պայմաններում։ Ուժեղ անձրևի ու մառախուղի պատճառով տանկի օպտիկական նշանացով հնարավոր է եղել կրակ վարել մինչև 300-350 մետրի վրա։ Այդ պատճառով 2000-2500 մետր հեռավորության վրա տանկը կրակ է վարել «Էսսա» ջերմացուցիչ նշանոցի միջոցով։

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում կրակային վարժություն կատարելիս

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում կրակային վարժություն կատարելիս

Հաջորդ երկու օրը եղանակային պայմանները նորմալ են եղել, ինչը թույլ է տվել տանկին ընթացքից ու կանգառից կրակային վարժություններ կատարել 1500-3000 մետր հեռավորության վրա։

Նշվում է, որ տանկի թնդանոթի արձակած 38 կրակոցները թիրախների 94,7 տոկոս խոցում են ապահովել։

Տանկի թնդանոթին կցված 12,7 մմ զենիթային «Կորդ» գնդացրից ու 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրից կատարվել է շուրջ 600 կրակոց՝ մոտ 75 տոկոս արդյունավետությամբ։ 100 տոկոսանոց արդյունավետությամբ է աշխատել «Ռեֆլեկս» հակատանկային կառավարվող հրթիռների արձակման կայանը, որը խոցել է 3000 ու 5000 մետր հեռավորությամբ թիրախները։

Տանկը երթային վարժություններ է կատարել ավազաքարային մակերևույթին, վերելքներ է կատարել 25-30 աստիճան թեքություններով, անցել բնական ու արհեստական արգելքներով։ Այնուհետև Տ-90Ս տանկի ու Պերուի սպառազինության մեջ եղած Տ-55 տանկի միջև երթային վարժությունների մրցույթ է եղել, որում հաղթող է ճանաչվել Տ-90Ս տանկը։

 

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում երթային վարժություններ է կատարում

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում երթային վարժություններ է կատարում

Նշենք, որ Պերուում է գտնվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Ենթադրվում է, որ նա Պերուի պաշտպանության նախարար Պեդրո Կատերիանոյի հետ քննարկելու է ռուսական 110 միավոր Տ-90Ս տանկերի ու 28 միավոր Մի-171Շ բեռնատար-մարտական ուղղաթիռների վաճառքի հնարավորությունը։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 700-800 մլն ԱՄՆ դոլար։

Նշվում է, որ Պերուն ներկայումս վերազինում է իր սպառազինությունը, ինչի արդյունքում ցանկանում է փոխարինել Տ-55 տանկերը, որոնք գնվել են դեռևս 1973-1978 թթ Խորհրդային Միությունից։ Պերուի պաշտպանության նախարարությունը վերջին ամիսների ընթացքում ծանոթանում է M1A1 (ԱՄՆ), K-2 Black Panther (Կորեայի Հանրապետություն), Leopard 2A4 (առաջարկվում է Իսպանիայի կողմից), Leopard 2A6 (առաջարկվում է Նիդերլանդների կողմից), Տ-64Ե ու Տ-84 «Օպլոտ» (Ուկրաինա) տանկերի հնարավորություններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին էլ Պերուի պաշտպանության նախարարության 300 զինծառայողներին էր ներկայացվել ռուսական Տ-90Ս տանկը։

 

Տ-90Ս տանկի ծխաքողարկումը

Տ-90Ս տանկի ծխաքողարկումը

Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է։ Վերջինս Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Այն ռուսական սպառազինության է ընդունվել 1992-ին:

Տ-90-ը սպառազինված է 125 մմ թնդանոթով, 12,7 մմ «Կորդ» զենիթային գնդացրով ու թնդանոթին կցված ՊԿՏՄ 7,62 մմ գնդացրով:

Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկերը մտնում են նաև Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ: Տ-90Ս տանկի գինը տարբեր աղբյուրների գնահատմամբ 2,77-ից 4,25 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *