«Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակ «Վիկրամադիտիա» ավիակիրը նոյեմբերի 30-ին վերջապես դուրս կգա ռուսական ջրերից և կուղևորվի դեպի Հնդկաստան։ Այս մասին ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտնել է փոխվարչապետ Դիմիտրի Ռոգոզինը։
«Նոյեմբերի 16-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարը ՌԴ Սևերոդվինսկ քաղաքում է լինելու, որից հետո ավիակիրը կհատի ռուսական ջրերի սահմանը»,- նշել է Ռոգոզինը։
Վարչապետ Մեդվեդևը նշել է, որ, թեև առաջացած բոլոր դժվարություններին, ավիակրի վերջնական տարբերակի հանձնումը Ռուսաստանի համար հեղինակավոր էր։
Ռոգոզինի հավաստմամբ՝ «Վիկրամադիտիա» ավիակրի վերջնական փորձարկումները հաջող են անցել։ Շտկվել են բոլոր թերությունները:
Փորձարկումների ժամանակ նավի արագությունն եղել է մոտ 54 կմ/ժ։
Հիշեցնենք, 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։
Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն արդեն մի քանի անգամ այդ գործընթացը հետաձգվել է։
Առաջին անգամ ծովում փորձարկման է հանվել 2008 թվականին, որից հետո բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման է տարվել։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Փորձարկումներից հետո ավիակիրը նորից տարվել է վերանորոգման։
Նշենք, որ նավի տախտակամածից գիշերային թռիչքներ են կատարել ՄիԳ-29Կ/ԿՈւԲ կործանիչները։ Կործանիչները զույգերով փորձարկել են գիշերային թռիչքներ և վայրէջքներ՝ կարճատև ընդմիջումներով։
Ավիակիր նավը նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռ և մինչև 10 Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռներ տեղափոխելու համար։