Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին ձերբակալվել է Ֆրանսիայում Ինտերպոլի աշխատակիցների կողմից։ Մանրամասները դեռևս չեն հրապարակվում, անհայտ է նաև՝ նրան կարտահանձնեն, թե ոչ։
Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին։
Ներկա դրությամբ նախկին նախարարը սպասում է դատավարությանը, ինչն էլ կորոշի՝ նրան կարտահանձնեն Վրաստան, թե ոչ։
Հիշեցնենք, որ Քեզերաշվիլիի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել 2013-ի փետրվարին նրա դեմ հնչած մեղադրանքներից հետո։ Նրա գործունեության հետևանքով պետության կրած վնասները քննիչների կողմից գնահատվել են շուրջ 50 մլն դոլար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ կաշառակերության և խարդախության ճանապարհով Քեզերաշվիլին սեփականացրել է ևս 12 մլն դոլար։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի սահմանադրության 4 հոդվածով՝ կեղծ կրեդիտային քարտերի ստեղծում և կիրառում, Վրաստանի մաքսային սահմանից արտադրանքներ անցկացնելու գործընթացում կանոնների խախտում, կաշառքի ստացում, կեղծ փաստաթղթերի ու կնիքների օգտագործում։
Նախարարը պաշտոնավարել է 2006-2008-ն ընկած ժամանակահատվածում։
Մասնավորապես, 2007-ին Քեզերաշվիլին նպաստել է, որպեսզի գործարարներից մի քանիսն առանց մաքսային հարկերի սպիրտ ներմուծեն Վրաստան։ Նույնիսկ պաշտոնավարման ավարտից հետո՝ 2008-ին, նա շարունակել է իր ապօրինի գործունեությունը՝ օգտագործելով տարիների ընթացքում ձեռք բերած կապերը պաշտոնյաների շրջանում։
Հավելենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը երկքաղաքացիություն ունի. նա միաժամանակ Վրաստանի ու Իսրայելի քաղաքացի է։