Հարազատները հերթական նամակն են ստացել Հակոբ Ինջիղուլյանից

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին առավոտյան ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են օգոստոսի 7-ի գիշերն ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին։ Ռազմագերուց նորություններ չկան։

Հակոբի հարազատներից մեկը՝ Արման Ինջիղուլյանը Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենք երեկ՝ հոկտեմբերի 14-ին, հերթական նամակն են փոխանցել, իսկ այսօր ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ կարճատև հանդիպման ժամանակ արդեն նամակ են ստացել Հակոբից։ «Նույն նամակը, նույն երկտողով՝ «լավ եմ, մի´ անհանգստացեք»։ Կարմիր խաչից հանդիպել էին Հակոբի հետ, մեզ ասացին՝ իբր նա ուզում է երրորդ երկիր գնա, բայց բոլորս էլ գիտենք, որ հնարավորություն ունենար՝ հայրենիք կվերադառնար»,-շեշտել է Արմանը։

Վերջինս հավելել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վկայությամբ՝ Հակոբ Ինջիղուլյանի առողջական վիճակը նորմալ է։

Նշենք, որ վաղ առավոտից Ռազմինֆոն փորձում էր կապ հաստատել ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հետ։ Մեր ջանքերն ապարդյուն էին, քանի որ կամ զանգերին չէին պատասխանում կամ էլ հեռախոսը չէին փոխանցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն, որն էլ կարող էր մանրամասն տեղեկություններ հաղորդել Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել էր՝ Հակոբ Ինջիղուլյանը դիմել է երրորդ երկիր ուղարկելու հայցով։

Ավելի վաղ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր՝ հաջողվել է Հակոբ Ինջիղուլյանին փոխանցել՝ կարող է հանգիստ վերադառնալ Հայաստան, իրեն որևէ պատասխանատվություն չի սպասվելու։

Հավելենք նաև, որ Ռազմինֆոյի լրագրողի հարցին ի պատասխան՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հավաստիացրել էր՝ Ինջիղուլյանի գերի ընկնելու հարցում բոլոր մեղավորները պատժվել են. դիրքի ջրի մատակարարմամբ զբաղվող, ինչպես նաև Ինջիղուլյանի բացակայությունը ժամանակին չնկատած, իր հետևից չգնացած անձինք հանված են պաշտոնից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *