Ավարտվել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի գվարդիական համազորային բանակի տանկային միավորման վերազինումը Տ-72Բ3 արդիականացված տանկերով։
Տանկերի վերջին խմբաքանակն արդեն տրամադրվել է տանկային բրիգադին, ու շուտով տանկերը կմտցվեն սպառազինության մեջ ու կկցվեն անձնակազմին։ Մինչ այդ ընթացիկ տարվա առաջին կեսին տանկային բրիգադի անձնակազմը անցել էր վերապատրաստում ու ծանոթացել արդիականացված տանկին։
Ընդհանուր առմամբ տանկային միավորմանը տրամադրվել է 150 միավոր Տ-72Բ3 տանկ։
Նորացված տանկի վրա տեղադրված է 840 ձիաուժանոց շարժիչ բազային 780 ձիաուժանոցի փոխարեն, «Կոնտակտ-5» արտաքին դինամիկ զրահ, բազմալիք «Սոսնա-Ու» նշանոց, կապի նորագույն սարքեր, սպառազինության կատարելագործված ստաբիլիզատոր ու զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության համակարգ։ Կատարելագործվել են նաև ընթացամասն ու թրթուռները։ Բացի այդ տանկի սպառազինությունը թույլ է տալիս կիրառել զինամթերքի նոր, ավելի մեծ զրահահարությամբ տեսակներ։
Հիշեցնենք, որ Տ-72Բ3 տանկերով վերազինվում է նաև ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգը։ Վերազինումը սկսվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին։
Նշենք, որ ՌԴ ԶՈւ վերազինումը նախատեսված է ավարտել 2015-ի վերջին։ Արդյունքում ՌԴ ԶՈւ սպառազինությունից կհանվեն Տ-80 տանկերը, իսկ դրանց փոխարեն կտրամադրվեն Տ-72Բ ու Տ-90 տանկեր։