Իրանը Բաքվում իր քաղաքացուն լրտես որակելն անվանել է «իրանաֆոբիա»

Բաքվում Իրանի դեսպանությունը որպես անհիմն պնդումներ է որակել Իրանի քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները լրտեսության համար։ Չնայած դրան՝ իրանցուն Բաքվում դատապարտել են ազատազրկման։Իրան-Ադրբեջան

Բաքվի՝ ծանր հանցագործությունների գծով դատարանում հոկտեմբերի 11-ին ավարտվել է Իրանի քաղաքացի Ֆեյզի Բահրամ Հասան օղլուի գործով դատավարությունը՝ 15 տարվա ազատազրկմամբ։ Իրանի դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Այթոլլահին Բաքվի քայլն անվանել է «իրանաֆոբիայի հերթական դրսևորում»։ Այթոլլահին նաև հույս է հայտնել, որ վճռաբեկ դատարանը չեղյալ կհամարի մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Իրանի քաղաքացի Ֆեյզի Բահրամ Հասան օղլուն մեղավոր է ճանաչվել 2012-ի մայիսին «Եվրատեսիլի» երգի միջազգային մրցույթի նախօրեին Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչության պատրաստման գործում։ Ըստ Բաքվի հետաքննության տվյալների՝ նա համարվում է իրանական տեղեկատվության, անվտանգության և հետախուզության նախարարության («Էթթելաաթ») աշխատակից։

Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ՝ դատավարության ընթացքում Ֆեյզի Բահրամ Հասան օղլուն իրեն մեղավոր է ճանաչել, վկայել է, որ հետախուզական ուժերի ներկայացուցիչ է, 2006-ին Բաքու տեղափոխվելուց հետո աշխատել է «Էթթելաաթ»-ի համար։

Իրանը, սակայն, հերքում է այս տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *