Թուրքիայի AWACS-ները փորձարկումների վերջին փուլում են

Թուրքիայի ձեռք բերած օդային նախազգուշացման ու վերահսկման (AWACS) ինքնաթիռները հաջողությամբ անցել են օդում լիցքավորվելու փորձարկումները և առաջիկայում կարող են ընդգրկվել թուրքական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։

Թուրքիա ՌՕՈւ

Թուրքիա ՌՕՈւ

Ընդհանուր առմամբ, ներկայում փորձարկումներ է անցնում 4 ինքնաթիռ, որոնք ստեղծվել են ամերիկյան «Բոինգ» ընկերության կողմից թուրքական TAI ընկերության հետ համագործակցության միջոցով։

Ինքնաթիռները, որոնք ստացել են «Խաղաղության արծիվ» (Barış Kartalı) անունը, նախատեսված բոլոր փորձարկումներն անցնելուց հետո տեղակայվելու են Քոնիայի 3-րդ ավիաբազայում։

Այսպիսով, AWACS-ները սպառազինությունում ընդգրկվելու դեպքում հնարավորություն են տալու Թուրքիային հետևել Էգեյան և Միջերկրական ծովերի, Իրանի և նախկին ԽՍՀՄ երկրների մի մասին։

Նշենք, որ «Բոինգի» և Թուրքիայի միջև համապատասխան ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվել էր 2003 թվականին, իսկ պայմանագրի արժեքը կազմել էր 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր ինքնաթիռները տրամադրել դեռևս 2008 թվականին, սակայն ամերիկյան կողմը մի քանի տարի ուշացրել է դրանց պատրաստումը, ինչի համար էլ տուգանքներ է վճարել։

Թեմայի վերաբերյալ Ռազմինֆոն զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ։ Այն հարցին, թե տարածաշրջանային մակարդակով սա ի՞նչ է տալիս Թուրքիային, Լևոն Հովսեփյանը նշեց.

«Նախ, այս համակարգերի ձեռքբերումը տեղավորվում է Թուրքիայի միասնական հակաօդային-հակահրթիռային ազգային համակարգ ստեղծելու քաղաքականության մեջ, և սա լուրջ ձեռքբերում է Թուրքիայի համար: Իհարկե, առաջին հերթին տարածաշրջանում սա նոր իրողություն է` նման համալիրների հայտնվելը Թուրքիայի ռազմաօդային ուժերում:

Փաստորեն, օդային վերահսկողության հարցում Թուրքիան էականորեն առաջ է անցնում տարածաշրջանում: Մերձավոր Արևելքում նման միջոցների տիրապետում են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, սակայն դրանք նույնը չեն, ինչ-որ Թուրքիայինն է, այլ օդային նախազգուշացման ու վերահսկման այլ մոդելներ` կրկին ամերիկյան արտադրության: Իրանի ռազմաօդային ուժերում էլ կար ռուսական արտադրության նման համակարգ, որը, կարծեմ, 2009 թվականին վթարի ենթարկվեց: Թուրքիայի հարևաններից Հունաստանը նույնպես ունի նմանատիպ համակարգեր։ Թուրքիայի կողմից ձեռքբերված այս համակարգերը արդիականացված են և տարածաշրջանում, փաստորեն, դառնում են լուրջ միջոցներ»,-նշեց թուրքագետը:

One response to “Թուրքիայի AWACS-ները փորձարկումների վերջին փուլում են

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբերի 13-20 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *