Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնի վարկանիշային աղյուսակի մասին

1in.am և yerkir.am լրատվակայքերը հղելով (կամ չհղելով) «Ռեգնում» գործակալությանը, գրել են, որ Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցնում է 15-րդ հոիզոնականը ամենառազմականացված երկրների ցուցակում։

«Ռեգնումն» իսկապես հրապարակել էր «Азербайджан занял 15 место по уровню милитаризации среди 149 стран мира» վերնագրով նյութ։ Նույն նյութից տեղեկանում ենք նաև, այդ վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը։ Արդյո՞ք տարօրինակ չի, որ ռուսական գործակալությունն ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Ադրբեջանի և ոչ թե Ռուսաստանի ցուցանիշներին` վերջինը միայն հպանցիկ նշելով։ Կարծես թե տարօրինակ է, բայց ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե ենթադրենք, որ «Ռեգնումի» այդ հրապարակման նպատակներից է եղել «Ադրբեջանը շատ ուժեղ է, աշխարհում 15-րդն է» տիպի ուղերձ տալը։ Համաձայնեք, որ այդ հաղորդագրությունն ընթերցելիս հենց այդպիսի տպավորություն է մնում։

Այն, որ «Ռեգնումը» միշտ չէ անկողմնակալ տեղեկություններ տալիս մեր տարածաշրջանի մասին, պիտի որ նորություն կամ գաղտնիք չլինի։ Բայց ցավալի է, որ հայկական լրատվակայքերն այդ մասին չգիտեն կամ անուշադրության են մատնում այդ փաստը։ Նաև տարօրինակ է, որ ո´չ «Առաջին լրատվականում», ո´չ «Երկիրում» չեն հետաքրքրվել, թե նույն վարկանիշային աղյուսակում ի՞նչ դիրք ու քանի՞ միավոր ունի մեր երկիրը (եթե հետաքրքրվեին, ապա գտնելը դժվար չէի լինի, իսկ եթե գտել են, ապա ինչու՞ չեն գրել)։

Ամեն դեպքում, քանի որ «Ռեգնումի» այս ուղերձը հայտնվեց նաև հայկական լրատվամիջոցներում, հարկ ենք համարում մի քանի պարզաբանում ավելացնել.

1. Հայաստանն այդ վարկանիշային աղյուսակում 149 երկրների մեջ զբաղեցնում է 24-րդ տեղը 724.49 միավորով (Ադրբեջանի 756.54 միավորի դիմաց)։ Ընդ որում, օրինակ սպառազինությունների բացադրիչում Հայաստանի դեպքում մեծ հավանականությամբ հաշվի չի առնվել Արցախի Պաշտպանության Բանակը (ցանկության դեպքում կարելի է նաև ստուգել հաշվի առնվե՞լ է, թե ոչ, բայց դա այնքան էլ էական չի)։

2. Տպավորությունը, թե այդ ցուցանիշը երկրի ռազմական հզորության կամ թուլության մասին է խոսում բացարձակ սխալ է։ Օրինակ` ԱՄՆ-ը այդ ցուցակում զբաղեցնում է 30-րդ տեղը։ Հույս ունեմ, որ չկան մարդիկ, ովքեր կարծում են, թե 15-րդ տեղում գտնվող Ադրբեջանը կամ 24-րդ տեղում գտնվող Հայաստանն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ը։ Իրականում այդ կարգի վարկանիշեր կարելի է տասնյակներով սահմանել ու հաշվել, բայց բոլորովին պարզ չէ, թե վերջիվերջո ի՞նչ են դրանք ցույց տալիս, ինչի՞ մասին են խոսում։

3. Բոնի կոնվերսիայի միջազգային կենտրոնի վարկանիշային վերջին, 2012 թվականի աղյուսակում 2010 թվականի տվյալներն են։ Դա սպասելի է, քանի որ 2011 թվականի համար անհրաժեշտ տվյալները դեռ չեն ամփոփվել, և ամբողջական տվյալներ ունեցող վերջին տարին 2010 թվականն է։

Վարկանիշային աղյուսակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *