Պորտուգալիան F-16 կործանիչներ կտրամադրի Ռումինիային

Պորտուգալիան և Ռումինիան ստորագրել են 12 միավոր F-16AM/BM Fighting Falcon կործանիչների տրամադրման պայմանագիրը, որի  արժեքը գնահատվում է 252,4 մլն ԱՄՆ դոլար։

F-16 Fighting Falcon կործանիչը

F-16 Fighting Falcon կործանիչը

Պայմանագրի համաձայն՝ Պորտուգալիան Ռումինիային կտրամադրի իր ռազմաօդային ուժերի սպառազինությունից հանված 6 միավոր F-16AM ու 3 միավոր F-16BM կործանիչներ, ինչպես նաև 3 միավոր F-16A կործանիչներ, որոնք Պորտուգալիան կգնի ԱՄՆ-ից՝ հատուկ Ռումինիային վաճառելու նպատակով։

Պորտուգալիայի ու ԱՄՆ պահուստից տրամադրվող կործանիչները պորտուգալական կողմի հաշվին կանցնեն արդիականացում, ընդ որում՝ ԱՄՆ տրամադրված F-16A-ները կհասցվեն F-16AM-ի մակարդակի։

Պայմանագրի մեջ մտնում են նաև պահեստամասերի ու պահեստային շարժիչների տրամադրումը Պորտուգալիայի կողմից, ինչպես նաև ռումինացի 9 օդաչուների ու 69 տեխնիկական մասնագետների պատրաստումը։

Պորտուգալիայի կողմից կործանիչների տրամադրումը նախատեսված է սկսել 2016-ին, իսկ Ռումինիայում դրանք մարտական պատրաստականության կհասցվեն 2017-ին։

Կործանիչների համար սպառազինություն, պահեստամասեր ու այլ սարքավորումներ գնելու, ինչպես նաև ենթակառուցվածք ստեղծելու համար Ռումինիային ենթադրաբար անհրաժեշտ կլինի շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար ևս։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ու Ռումինիայի միջև համաձայնություն ձեռք էր բերվել դեռևս ընթացիկ տարվա օգոստոսի վերջին։ Իսկ ինքնաթիռների ձեռքբերման ցանկության մասին Ռումինիան հայտնել էր օգոստոսի սկզբին։

Հավելենք, որ F-16 Fighting Falcon-ը չորրորդ սերնդի կործանիչ է՝ արտադրված General Dynamics ընկերության կողմից։ 1993-ին ինքնաթիռի արտադրման իրավունքն անցել է Lockheed Martin-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *