Աֆրիկյան միությունն ավելացնում է զինծառայողների թիվը՝ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով

Աֆրիկյան միության գագաթաժողովը որոշում է կայացրել ծայրահեղական իսլամիստների, ահաբեկչական գործողություններ իրականացնող «Ալ Շաբաբ» խմբավորման դեմ Սոմալիի տարածքում պայքար մղելու նպատակով իր ուժերն այդտեղ ավելացնել մեկ երրորդով։

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Լուսանկար՝ առևտրի կենտրոնի գրոհի ժամանակ

Հոկտեմբերի 12-ին Աֆրիկյան միության Անվտանգության ու խաղաղության գագաթաժողովում ընդունված որոշման մասին հանրությանը որոշ ժամանակ անց տեղեկացրել են։ Ըստ դրա՝ Սոմալիում Աֆրիկյան միության առաքելությունը ծրագրվում է 6235 զինծառայողից հասցնել 23966–ի։

Այնուհանդերձ, այս որոշումը պետք է հաստատվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։

Որպես առաքելության զինծառայողների թվի ավելացման պատճառներից մեկը՝ հիշատակվում է վերջերս Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում գրանցված ահաբեկչությունը, որը խլեց նվազագույնը 67 հոգու կյանք։

Հիշեցնենք, որ Քենիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան սկսել էին Նայրոբիում զինյալների կողմից գրավված առևտրի կենտրոնի գրոհը։

Քենիայի իրավապահ մարմիններին օգնության էին եկել նաև Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք, ըստ նախնական տեղեկության, անմիջական մասնակցություն չեն ունեցել պատանդների ազատմանը, աջակցել են որպես խորհրդատու։ Իսրայելի միջամտությունը կապված էր թերևս այն հանգամանքի հետ, որ առևտրի կենտրոնը պատկանում է իսրայելցի գործարարներին։

Հարձակումը երկրին վնաս էր ոչ միայն մեծ թվով զոհերի, այլև դրանց շարքում այլ երկրների քաղաքացիների առկայության պատճառով, քանի որ Քենիայի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից, իսկ այս ահաբեկչական գործողություններից հետո առաջիկայում դժվար թե զբոսաշրջությունը եկամտաբեր լինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *