ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժության ընթացքում մասնակից 6 երկրները, այդ թվում նաև հայ զինծառայողները, կանխել են զենքի տրամադրումը պայմանական անջատողականներին։
Զորավարժության ընթացքում ավիացիոն խումբը Մի-8 ուղղաթիռով, որին պաշտպանում էր մարտական Մի-24 ուղղաթիռների զույգը, նկատել էր կասկածելի ավտոշարասյուն։ Վայրէջք կատարելով՝ ղազախ խաղաղապահները հատուկ նշաններով հսկիչ-անցագրային կետ են նշանակել և փակել ճանապարհը։
Կանգնեցված ավտոմեքենաները փոխադրում էին հրաձգային զենք, ձեռքի հակատանկային նռնականետեր, զենիթահրթիռային շարժական համակարգեր և պայթուցիկներ, որոնք նախատեսված էին պայմանական դաշտային հրամանատար Աբու Ամարի համար։ Շարասյունն ուղեկցող զինլայներին ձերբակալել են։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինին։
Իսկ ահա բեռներին սպասող պայմանական զինյալները փորձել են ոչնչացնել ավտոշարասյունը։ Օդային անցագրի հրամանատարը որոշում է ընդունել օգտագործել ավիացիան։ Մի-24 մարտական ուղղաթիռները հարվածել են հայտնաբերված զինված խմբավորմանը։ Ուղղաթիռներն աշխատել են բարդ օդերևութաբանական և ցածր ամպամածության պայմաններում։
Ըստ Ռոշուպկինի՝ օդային վերահսկիչ-անցագրային կետը համարվում է արդյունավետ միջոց՝ դժվարամատչելի շրջանները և ոչ հիմնական ճանապարհները հսկելու համար։
«Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունն իրականացվում է ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկու ղեկավարությամբ։
Հայկական 50 հոգանոց զորախմբի հետ մասնակցում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորախմբերը։
Հիշեցնենք, որ այսօր կավարտվի Չելյաբինսկում ընթացող զորավարժությունը։
Pingback: ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության մասին | Ռազմ.info