Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է երկրի կառավարության և զինված ուժերի՝ Իրաքի տարածքում «հակաահաբեկչական ռազմական գործողություններ» իրականացնելու մանդատը։
Համապատասխան օրինագծի օգտին հոկտեմբերի 10-ին քվեարկել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորների մեծամասնությունը։ Դեմ են հանդես եկել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամները։
Այսպիսով, թուրքական զինուժը հաջորդ մեկ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում կարող է հարվածներ հասցնել Իրաքի հյուսիսային հատվածում տեղակայված թիրախներին։
Մինչ Թուրքիայի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև մայիսյան հրադադարը, Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերջին տարիներին հաճախ էին ռմբակոծության ենթարկում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքը, որտեղ տեղակայված էին PKK-ի հենակետներն ու ճամբարները։
Սակայն 2013 թվականի մայիսին հայտարարված հրադադարից հետո թուրքական կործանիչները դադարեցրել են ռմբակոծությունը, թեև հետախուզական թռիչքների մասին տեղեկություններ բազմիցս ստացվել են։
Թուրքիան երկրի զինված ուժերին թույլատրում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում՝ սկսած 2007 թվականից։
Ավելի վաղ թուրքական խորհրդարանը համանման մանդատ էր շնորհել երկրի կառավարության ու զինված ուժերին անհրաժեշտության դեպքումռազմական գործողություններ իրականացնել նաև Սիրիայի դեմ։
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:
Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։
Այս տարվա սեպտեմբերի 9-ին PKK-ն հայտարարեց Թուրքիայի տարածքից դուրսբերումը դադարեցնելու մասին։ Քրդական կազմակերպությունը միևնույն ժամանակ ընդգծեց, որ շարունակելու է պահպանել հրադադարի ռեժիմը։ PKK-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ Թուրքիայի իշխանությունները հստակ քայլեր չեն կատարում քրդական հարցի ուղղությամբ և խոստացած բարեփոխումներն ուշանում են։