ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի հարցում ռազմական լուծում չի տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ հյուսիսատլանտյան դաշինիքի դերը անձամբ չի տեսնում Սիրիայի հակամարտության շրջանակներում՝ շեշտելով, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսեն

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսեն

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Ռասմուսսենն իր խոսքում կոչ է արել, որ Սիրիայի կառավարությունն ու զինյալները մասնակցություն ունենան Ժնևում կայանալիք քննարկումներին, որոնք պետք է որ անցկացվեն ընթացիկ տարվա նոյեմբերին։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի վերջին, երբ տեղեկություններ ի հայտ եկան Դամասկոսի մերձակայքում՝ Ղուտայում, քիմիական զենքի կիրառման հավանականության մասին, Ռասմուսսենը «դաժան ու տեղին միջազգային արձագանքի» կոչ էր անում։ Նա այս տեսակետին էր մնում մինչև սեպտեմբերի վերջը, երբ վերջապես համաձայնեցվեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման ծրագիրը։ Սեպտեմբերի կեսերին նա հայտարարել էր, որ դեռևս վաղ է բացառել ռազմական միջամտությունը Սիրիայի հակամարտությունում։

Հավելենք, որ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հոկտեմբերի 6-ին սկսել են Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը։ Իրենց հերթին, ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչությունները դրական գնահատական են տվել Սիրիայի իշխանությունների՝ վերջին շրջանում քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված քայլերին։

Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Դամասկոսը հիանալի կերպով համագործակցում է միջազգային տեսուչների հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավելել է՝ գովելի է այն փաստը, որ քիմիական զենքի առաջին պաշարները ոչնչացվել են ՄԱԿ-ի փորձագետների ժամանումից ընդամենն օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին։

ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայում օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *