Այսօր մամուլն անդրադարձել է ԼՂ-ի ՊԲ-ում ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներին, քննարկել «Oxford Analytica» պարբերականի զեկույցը, ինչպես նաև՝ գրել շրջանավարտների՝ բուհական ընդունելություններին մասնակցելու հավանականության և հնարավորության մասին:
- Փետրվարի 2-ին ԼՂ-ի N զորամասում մահացած զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
- «Oxford Analytica» պարբերականը անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին ընթացքին` նշելով, որ «Զինված ուժերում օրինաչափություն դարձած զոհերի և ոչ մարտական պայմաններում մահացությունների խնդիրը լուծելու ձախողումը քայքայում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների վերջին շրջանի առաջընթացը»: Պարբերականում նաև նշվում է, թե Հայկական բանակի բարեփոխումների կողմնակիցները պարտություն են կրում: ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը նշել է, որ ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ կպատասխանի հրապարակմանը:
- Հանրակրթական 12-ամյա համակարգին անցնելու հետևանքով շրջանավարտները չեն կարողանում բուհեր դիմել և ընդունելության քննություններ հանձնել: Այսօր ԱԺ ներկայացված «Զինապարտության մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով նախատեսվում է զորակոչի դեպքում «ապրիլ-հունիս» և «հոկտեմբեր-դեկտեմբեր» բառերը հանել, և զորակոչել ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Այդ դեպքում 12-ամյա կրթությամբ ավարտողները կկարողանան մինչև հուլիս քննություն հանձնել և օգտվել կրթության իրենց իրավունքից:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
1. Հայկական մամուլը՝ հղում անելով թուրքականին՝ գրում է, որ ԱՄՆ-ում քննարկում են Թուրքիայում միջուկային ռումբեր պահելու նպատակահարմարությունը:
2. Կարմիր ծովն Ադենի ծոցին միացնող Բաբ Էլ Մանդեբ նեղուցում ծովահենները փորձել են առևանգել իրանական տանկեր. իրանական ռազմածովային ուժերի կողմից ծովահենների փորձը կանխվել է: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրենց զինծառայողներից տուժողներ չկան:
3. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել Իրանին հարվածելու հարցով:
4. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է բացահայտել Սիրիա կատարելիք իր այցի նպատակները, որտեղ նա պետք է հանդիպի նախագահ Բաշար Ասադի հետ:
5. ՆԱՏՕ-ն հրաժարվում է քննարկել Ռուսաստանի հետ ՀՀՊ տեղակայման հետևանքներն ու պարզաբանումներ չի տալիս «զգալի մարտական ուժերի» քանակի վերաբերյալ: Սակայն, Սերգեյ Լավրովի հավաստմամբ՝ Մոսկվան նախկինի պես չի դիտարկում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք:
6. Չինաստանի ՊՆ-ն պատրաստվում է երկրի բոլոր դպրոցներում և բուհերում մտցնել ռազմական պատրաստականության դասընթաց: Տեսական դասընթացը կտևի 2-3 շաբաթ, իսկ գործնական դասընթացը՝ առնվազն 2 շաբաթ:
7. Ադրբեջանական բանակում զինծառայող է ինքնասպան եղել:
Վերջում նշենք, որ ապագայում Ռուսաստանը, հնարավոր է, որ ոչ թե կրճատի միջուկային զենքի ծավալը, այլ մեծացնի՝ պայմանավորված նոր մարտահրավերներով և միջուկային զենքի տարածվածության մեծացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար Անատոլիյ Անտոնովը: Նա հավելել է, որ կյանքն առանց միջուկային զենքի հիասքանչ է, բայց առանց միջուկայի զենքի աշխարհ ունենալուն պետք է հասնել աստիճանաբար՝ դրա համար պայմաններ ստեղծելով: