Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի՝ չինական ՀՕՊ համակարգեր ընտրելու որոշումը՝ միևնույն ժամանակով անհիմն համարելով արևմտյան պետությունների արտահայտած դժգոհությունն այս կապակցությամբ։
Չինաստանի ԱԳՆ ներայացուցիչ Հուա Չինյինը հոկտեմբերի 9-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է թուրքական կողմի՝ HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայաններ ձեռք բերելու որոշմանը, տեղեկացնում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը։
«Չինաստանի առաջարկած տարբերակն ընտրելու Թուրքիայի որոշումը թուրք-չինական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հերթական քայլն է»,-նշել է չինացի դիվանագետն ու հավելել, որ «արևմտյան պետությունների անհանգստությունն այս թեմայով անհիմն է և ավելորդ»։
«Հուսով ենք, որ արևմտյան պետությունները Թուրքիայի ընտրությանը կնայեն օբյեկտիվորեն՝ չքաղաքականացնելով այն»,-հավելել է Հուա Չինյինը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռավորության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։
Չինական տարբերակի ընտրությունը բացատրվել էր տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ և մատչելի արժեքով։ Պայմանագիրը գնահատվում է 3-4 մլրդ ամերիկյան դոլար։
Մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը։
Թուրքիայի որոշումն առաջացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի լրջագույն դժգոհությունը, որոնք հայտարարել են, թե Անկարայի ընտրած չինական ՀՕՊ համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համատեղ համակարգերին։