ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Եգիպտոսին խիստ կկրճատվի

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ իրենք մտադիր են բավականին նվազեցնել Եգիպտոսի կառավարությանը ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ տարբեր պաճառներից ելնելով։

Բախումներ՝ Եգիպտոսում

Բախումներ՝ Եգիպտոսում

Այս մասին հոկտեմբերի 9-ին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը։
Ընդ որում, վերանայվելու է Եգիպտոսին տրամադրվելիք Apache («Ապաչ») ուղղաթիռների, Harpoon («Հարփուն») հականավային հրթիռների, տանկերի բաղադրամասերի ծրագիրը։ Բացի այդ, ԱՄՆ-ն արդեն չեղյալ է համարել Եգիպտոսին տրամադրվող 260 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնությունը։

 
ԱՄՆ–ն հիմնավորում է իր որոշումն այն հանգամանքով, որ Եգիպտոսում զինվորականների աջակցությամբ իշխանության եկած նոր կառավարությունը «կասեցրել է ժողովրդավարության զարգացումը երկրում»։

 
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի՝ Եգիպտոսին տրամադրվող ռազմատնտեսական օգնությունը գնահատվում էր 1,3 մլրդ ԱՄՆ դոլար։ Լուրերը, որ ԱՄՆ-ն կասեցնելու է Եգիպտոսի համար նախատեսված ռազմական օգնությունը, պտտվում էին դեռևս հուլիսի 3-ից, երբ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին գահընկեց արվեց։
Հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր՝ դադարեցնում են ամերիկյան F-16 կործանիչների տրամադրումը Եգիպտոսին, իսկ օգոստոսի 15-ից չեղյալ է համարվելու «Վառ աստղ» անունը կրող ամերիկաեգիպտական համատեղ զորավարժությունները։ Սակայն Օբաման շեշտել էր՝ դեռևս չեն մտածում Եգիպտոսին ռազմական աջակցությունից լիովին զրկելու ուղղությամբ։
Հավելենք, որ օգոստոսի վերջին ամերիկյան լրատվամիջոցները, հղում կատարելով Սենատում և նախագահական աշխատակազմում սեփական աղբյուրներին, հաղորդել էին՝ իրականում Եգիպտոսին տրամադրվելիք ռազմական օգնության ծրագիրն ամբողջովին կասեցված է։ Պաշտոնական աղբյուրները մինչ օրս շարունակում են հերքել Եգիպտոսին ռազմական օգնության տրամադրման գործընթացի լիարժեք դադարեցման լուրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *