ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժության ընթացքում մասնակից 6 երկրների զինծառայողները, այդ թվում նաև հայկական զորախումբը, գիշերային մարտի ժամանակ կանխել են հումանիտար օգնության բռնագրավումը զինված խմբավորումների կողմից։
Խաղարկային գործողության ընթացքում պայմանական զինյալները ոչնչացվել են, իսկ նահանջող առանձին խմբերը՝ ձերբակալվել։ Խաղաղապահների գործողությունը կատարվել է ընդհանուր հրամանատարությամբ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» կայքը՝ հղում անելով ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինին։
Ըստ Ռոշուպկինի՝ զորավարժության սցենարի համաձայն՝ հումանիտար օգնության շարասյունը կանգնել է գիշերելու համար, իսկ հակառակորդի գերակշիռ ուժերը փորձել էին տիրել տեղափոխվող բեռին։ Մարտական հերթապահությունը, նկատելով նրանց, մարտ է սկսել։
Ռոպուշկինը նաև նշել է, որ գիշերային մարտերի ժամանակ տարածքը լուսավորվել է լուսավորվող ականներով, որոնք արձակվել են «Պոդնոս» և «Վասիլյոկ» ականանետերից։
Բացի այդ, զորավարժության հրամանատարի տեղակալ Ռամիլ Գիլյազովը ներկայացրել է զորավարժության կարևորությունը։
«Խաղաղապահները պետք է պատրաստ լինեն գործողությունների այսպիսի զարգացման։ Գիշերային մարտերն ռազմավարական գործողությունների ամենադժվար ձևերից են, երբ հրամանատարը շատ կարճ ժամանակում պետք է որոշում ընդունի և գործողությունների ընթացքը կառավարի»,- նշել է Գիլյազովը։
Հիշեցնենք, որ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունն իրականացվում է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զինված ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկու ղեկավարությամբ։ Հայկական 50 հոգանոց զորախմբի հետ մասնակցում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորախմբերը։
Զորավարժությունն ընթանալու է հոկտեմբերի 7-11-ը Չելյաբինսկում։