Դեռ երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեծացնում են ռազմական ներկայացվածությունը Իրանի ափերի մոտ: Այսօր Իրանը սկսել է անցկացնել ցամաքային և ծովային նոր զորավարժություններ և մեծացնել թևավոր հրթիռների արտադրությունը:
- Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում, որոնք կտևեն մոտ մեկ ամիս: Զորավարժություններ են սկսել նաև ցամաքային ուժերը: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ սույն զորավարժության անցկացման նպատակը՝ երկրին սպառնացող վտանգներին դիմակայելու գործում զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բարձրացումն է:
- Իրանը սկսել է Zafar տիպի ծովային թևավոր հրթիռների զանգվածային արտադրություն: Այդ հրթիռներով կհամալրվեն ոչ միայն վերջրյա, այլև ստորջրյա նավերը: Իրանի պաշտոնատար անձանց խոսքով` երկրի ափերին հրթիռային համալիրների տեղակայումը ոչ միայն կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը, այլև վճռական դեր կխաղա տարածաշրջանի անվտանգության ու կայունության գործում:
- Իսկ Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանն արդեն իսկ որոշում է կայացրել Եվրոպական երկրներ նավթի արտահանումը դադարեցնելու մասին:
- Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմափարաստը կտրականապես հերքել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի հայտարարությունն այն մասին, որ Իրանը կարող է ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ տարածքում:
- Հայկական մամուլը՝ հղում անելով թուրքականին՝ գրում է, որ Թուրքիայի բանակում մեկ ամսում կասկածելի և դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է 12 զինվոր:
Անդրադառնալով տեղական լուրերին՝ նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:
- Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան 600 կրակոց:
- «Եթե կառավարությանը հաջողվի հստակ մեխանիզմներ մշակելով կյանքի կոչել այս նախաձեռնությունը, ապա մեր հանրության համար բանակն ավելի հրապուրիչ կդառնա»,- անդրադառնալով կառավարության որոշմանը, թե զինծառայողները պետք է պատրաստվեն բուհական ընդունելություններին՝ ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: