Իսրայելի իշխանությունները դատապարտել են ՄԱԿ-ի որոշումը` Իրանի ներկայացուցչին միջազգային անվտանգության և զինաթափման հանձնաժողովում ընդգրկելու առնչությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորը Բան Կի-Մունին ուղղված իր նամակում, «անհասկանալի է և անհանդուրժելի, որպեսզի միջուկային զենքի ստեղծման համար կասկածվող երկիրը ներառվի ՄԱԿ-ի հանձնաժողովում»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի՝ միջազգային անվտանգության ու զինաթափման հանձնաժողովը, որն ընդգրկում է 193 երկիր, հոկտեմբերի սկզբին մեծամասնությամբ կողմ է քվեարկել Իրանի ներկայացուցչին զեկուցող նշանակելուն։ Ըստ The Jerusalem Post-ի՝ Իրանի ներկայացուցիչը փոխարինելու է նորվեգացի դիվանագետ Կնուտ Լանգելանդային։ Զեկուցողը պարտավոր է զինաթափման ու անվտանգության տեղեկություններն ու զեկույցները փոխանցել հանձնաժողովից Գլխավոր ասամբլեային։
Իրանի ներկայացուցչի նշանակումը զեկուցողի պաշտոնում կայացավ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի՝ միջուկային զենքի ստեղծման աշխատանքներում Իրանին հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց հետո։ Հոկտեմբերի 2-ին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությանը կոչ է արել դեմ գնալ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելուն՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիին բնութագրելով որպես «գայլ՝ գառան մորթով»։
Իսրայելի վարչապետը շեշտել է՝ չնայած որ նախկին նախագահի համեմատ Ռուհանին ավելի մեղմ հռետորաբանություն է կիրառում, միևնույն է՝ իրականում միջուկային զենքի հարցում Իրանի որդեգրած քաղաքականությունը չի փոխվել։
Նեթանյահուի անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի ու Իրանի նախագահներն առաջին հեռախոսազրույցն էին ունեցել 1979-ից ի վեր։ Վաշինգթոնը միաժամանակ սկսել է նախապատրաստվել իրանական միջուկային ծրագրի կասեցման շուրջ նոր բանակցությունների, որոնք հավանաբար կկայանան հոկտեմբերի 15-ին։