Մինչև 2013-ի վերջ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգը կարող է ստանալ ռազմական տեխնիկայի 450 միավորանոց խմբաքանակ, որի մեջ կլինեն հրթիռային համալիրներ, ինքնագնաց հետանային համակարգեր, զրահափոխադրիչներ, բեռնատարներ և այլն։
Տեխնիկայի մի մասը կլինի արդիականացված, մյուս մասը՝ լրիվ նոր։ Այս մասին հայտնել է հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը։
Նշված խմբաքանակի մի մասը՝ շուրջ 100 միավոր, կլինեն «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, 2Ս9 «Նոնա-Ս» 120 մմ օդադեսանտային ինքնագնաց հրետանային համակարգեր ու «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։
Բացի այդ, մոտոհրաձգային ու հետախուզական ստորաբաժանումներին կտրամադրվեն շուրջ 250 միավոր ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «ԿամԱԶ» ընկերության զրահապատ «Թայֆուն» մեքենաներ ու «Տիգր-Մ» զրահամեքենաներ։
«Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համակարգ
Ընթացիկ տարվա սկզբից Հարավային ռազմական օկրուգն արդեն ստացել է 150 միավոր «Ուրալ» և «ԿամԱԶ» բեռնատարներ։
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի կազմի մեջ է մտնում նաև Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մինչև տարվա վերջ Հարավային ռազմական օկրուգը ստանալու է նաև 30 միավոր նոր ինքնաթիռներ ու ուղղաթիռներ։ Ինքնաթիռների ու ուղղաթիռների տրամադրումը նախատեսված էր սպառազինության տրամադրման մինչև 2020-ը ընթանալիք պետական ծրագրով։