Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում ՊՆ-ում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել, որին մասնակցել են ինչպես ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, այնպես էլ հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»:

Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները»:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:

Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *