Թուրքիան հանգստյան օրերին մի քանի անգամ կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ու ուղղաթիռը թռիչքներ են կատարել։
Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչներ են օդ բաձրացվել, երբ Սիրիայի ՌՕՈւ Սու-24 ռմբակոծիչը սկսել է թռիչք կատարել սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա։ Թուրքական կործանիչները մի քանի ժամ են անցկացրել երկնքում, մինչ սիրիական ինքնաթիռը վերջնականապես հեռացել է սահմանային հատվածից։ Այդ ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։
Նույն օրը տեղի ժամանակով 11։25-ի (երևանյան ժամանակով 12։25-ի) սահմաններում թուրքական F-16-եր են կրկին օդ բարձրացվել, ինչի պատճառը եղել է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում թռիչքներ կատարող Մի-17 ուղղաթիռը։ Ուղղաթիռը թռիչք է կատարել թուրք-սիրիական սահմանի արևմտյան հատվածում, սակայն չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։ Այս դեպքում ևս միջադեպեր չեն գրանցվել։
Վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանին դրությունը կրկին լարվել է թուրքական կողմի՝ Սիրիայի օդուժի ուղղաթիռին վայր գցելուց հետո։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, այն վերադառնում էր, երբ թուրքերը կրակ էին բացել, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։
Հավելենք նաև, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։