Սուրեթ Հուսեյնովի հեղաշրջման փորձի մասնակից, Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, բանակային կորպուսներից մեկի նախկին հրամանատար Իսա Սադիգովը, որին արդեն մի քանի ամիս է՝ հետապնդում են իշխանությունները, դիմել է՝ ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցություն անդամագրվելու հայցով:
«Չնայած ես երկրից դուրս եմ, բայց ճիշտ կլիներ միավորել մեր ուժերը Ժողովրդական ճակատի ակտիվիստների և պայքարի առաջատար հետևորդների հետ: Ուստի առանց որևէ կասկածի ընդունում եմ ԱԺՃ անդամագրվելու որոշում: Խնդրում եմ ԱԺՃ-ի իմ ընկերներին ինձ համարել կուսակցության շարքային անդամ, և ես հպարտ եմ Ալիևի բռնապետական վարչակազմի դեմ համատեղ պայքարում մասնակցության համար»,_ասված է Սադիգովի դիմումի տեքստում:
Իր հերթին, ԱԺՃ-ի փոխնախագահ Գյոզալ Բայրամլին հայտարարել է՝ նախկին փոխնախարարի դիմումը կքննարկվի կուսակցության հերթական նիստում:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի սկզբին, Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին հղում տալով, ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ զինդատախազության հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Սադիգովի նկատմամբ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 341.3 հոդվածով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահում պատերազմական իրավիճակում կամ մարտական դրության ժամանակ)։ Այս քայլի պատճառներից մեկն էլ այն էր, որ 2011-ից Նորվեգիայում բնակվող ու Թուրքիա այցելած Սադիգովը հայտարարել էր՝ ուշիուշով հետևում է Ադրբեջանում կատարվող իրադարձություններին և մտադիր է մոտ ապագայում վերադառնալ։
Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում Սադիգովի նկատմամբ հարուցված քրեական գործն անհիմն էին համարել՝ որակելով այն իշխանությունների հերթական քայլը բանակում տիրող կաշառակերության մթնոլորտը քննադատող նախկին զինվորականի դեմ:
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ: Դժվար թե Սադիգովը կարողանա երկու օրում ձևավորել «ռազմական ընդդիմության», ինչպես հուլիսի սկզբին կանխորոշել էր Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն: