Ադրբեջանում 3 բնակիչ տուժել է Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունից

Հոկտեմբերի 6-ին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Անս Պրեսս» լրատվակայքը, տեղեկացրել են, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ Հայաստանի հետ սահմանամերձ Մեզեմ գյուղի երեք բնակիչներ պայթել են ականի վրա: Հայտնի են նրանց անունները:

Մեզեմ գյուղ, Ղազախի շրջան

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ վերոհիշյալ 3 բնակիչներն են 30-ամյա Հագանի Մահերրամովը, 40-ամյա Ալի Ալիևը, 35-ամյա Վեզիր Վելիևը:

Նշենք, որ ըստ նույն աղբյուրի՝ Վեզիր Վելիևն ու Հագանի Մահերրամովը թեթև վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել Ղազախի շրջանի Կենտրոնական հիվանդանոց:

Ադրբեջանական լրատվակայքերը վկայում են, որ Ալի Ալիևը մնացել է չեզոք գոտում և «նրա ճակատագիրն անհայտ է մնում»:

Այս պահի դրությամբ փաստի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ ու մեկնաբանություններ չեն հնչել: Այնուհանդերձ, ադրբեջանական «Անս Պրեսս» լրատվակայքի տարածած հոդվածին կից տեսանյութում տուժածներին և միջադեպի հետ անմիջականորեն առնչվող կադրեր ցույց չեն տալիս:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարել էր՝ ականազերծման աշխատանքներ են կատարում սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Ղազախում:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ երեկոյան ժամերին, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում մահվան ելքով դժբախտ պատահար էր գրանցվել։ Այգեձորի երիտասարդ բնակիչներից մեկը սահմանին՝ չեզոք գոտում, պայթել էր ականի վրա, բժիշկը հարկադրված էր եղել տեղում օգնություն ցույց տալ: Հակառակորդը շուրջ մեկ ժամ ինտենսիվ կրակ էր բացել, ինչի պատճառով տուժածին ուշ էին դուրս բերել դեպքի վայրից, և վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *