ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 4-ին Երևանում մասնակցել են «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը:
Նրանք շրջել են ՌԴ խոշորագույն մեքենաշինական ձեռնարկության՝ «ԿԱՄԱԶ» ընկերությունների խմբի կողմից մայրաքաղաքում բացված կենտրոնում, ծանոթացել իրականացված ներդրումներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև «ԿԱՄԱԶ Արմենիա»-ի երկարաժամկետ ներդրումային քաղաքականությանը, այդ թվում՝ Երևանից բացի հանրապետության բոլոր մարզերում տեխնիկական սպասարկման կենտրոնների և պահեստամասերի մատակարարման ցանցի ստեղծման ուղղությամբ ծրագրերին:
Նորաբաց կենտրոնում ՀՀ նախագահին ներկայացրել են, որ «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ-ի ներդրումների քանակը Հայաստանի տնտեսության մեջ կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, հետագայում ծրագրվում է ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը: Ներկայումս ընկերությունն ունի 15 աշխատակից՝ 270 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ մինչև 2013թ. նոյեմբերը «ԿԱՄԱԶ Արմենիա»-ն նախատեսում է կրկնապատկել աշխատողների թիվը:
Առևտրի և սպասարկման վերոնշյալ կենտրոնի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, «ԿԱՄԱԶ» ԲԲԸ բաժնետեր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ և ՌԴ պատասխանատու մի շարք պաշտոնյաներ: