Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի մի խումբ պատգամավորներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են Ադրբեջանի ՌՕՈւ ՀՕՊ զորամասերից մեկը։
Այցելուներին ներկայացվել են Ադրբեջանի ԶՈւ Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ):
Զորամաս այցելած պատգամավորների շարքում էին Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան, սոցիալական քաղաքականության գծով հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլին, պատգամավոր Բահթիյար Սադիգովը, Ադրբեջանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատգամավոր Գովհաև Բահշալիևան և այլոք։
Հիշեցնենք, որ «Նիժեգորոդսկի ավտոշինական գործարանը», որը մտնում է «Ալմազ Անթեյ» կոնցերնի կազմում, 2012-ին ֆինանսական հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ առկա 717 բողոքագրերի 48 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին։
Հավելենք, որ 2012-ի դեկտեմբերին Google Earth ծրագրում լուսանկարների բազայի վերջին թարմացումից հետո հասանելի են դարձել նաև ադրբեջանական Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերի համար կառուցվող դիրքերի լուսանկարները։ Ինչպես և ենթադրվում էր, երկու դիվիզիոններն էլ տեղակայվելու են Բաքվի շրջակայքում. մեկը կառուցվում է Բաքվից արևելք, մյուսը` հյուսիս-արևմուտք։