Ռազմավարական նշանակության Սարսանգի ջրամբարը մաքրեցին միջազգային միջոցառման առիթով

«Ստորջրյա իրազեկման համաշխարհային ասոցիացիա» միջազգային կազմակերպության կողմից սեպտեմբերի 29-ին անցկացված Ժակ Իվ Կուստոյի հիշատակին նվիրված ծովերի, լճերի և գետերի մաքրման միջազգային միջոցառմանն այս տարի մասնակից դարձավ նաև Արցախը։

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

Նախաձեռնությանն աջակցել են Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի հիմնադրամը, «Ֆորմուլա-1»-ի կորպորատիվ նախագահ Բեռնի Էքլսթոունը, GUWAA կազմակերպության հովանավոր Բիանկա Ջագգերը և Ժակ Իվ Կուստոյի ընկեր Ֆրանսուա Սարանոն:
Սեպտեմբերի վերջին Արցախի ԱԳՆ-ն կազմակերպել էր լրագրող-բլոգերների այցն Արցախ, որի շրջանակներում Ռազմինֆոյի լրագրողը հնարավորություն ունեցավ ներկա լինել վերոհիշյալ միջոցառման շրջանակներում իրականացվող, ռազմավարական նշանակություն ունեցող Սարսանգի ջրամբարի մաքրման աշխատանքներին։

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

Նշենք, որ Սարսանգի ջրամբարի թեման անմիջականորեն կապված է Թարթառ գետի հարցի հետ:
Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն խ.մ. ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է համանուն ջրաէլեկտրակայանը:
Արցախի կառավարությանն առընթեր արագ արձագանքման հատուկ սստորաբաժանման հրամանատար Արտակ Արզումանյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնեց, որ փրկարար ծառայության փրկարար ջոկատը հանձինս ջրասույզների մասնակցում է այդ օրվան, փորձելու են Սարսանգի ջրամբարի հատակի աղբը մաքրել։ «Փրկարար ջոկատում 4-5 պատրաստված ջրասույզ կա։ Մենք ուրախ ենք, որ Արցախը հնարավորություն է ստացել մասնակցելու միջազգային նշանակության ունեցող օրվան։ Այլ երկրների մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն և անփորձանք աշխատանք»,_շեշտեց Արզումանյանը։
Մոտ մեկ ժամ անց ջրասույզներն ավարտեցին աշխատանքը՝ ջրից դուրս բերելով շշերով լի մի պարկ ու երկաթե մասեր։ Երրորդ խմբի փրկարար Արարատ Ազիզյանը վկայեց՝ որքան խորանում էին ջրի տակ, այդքան մութ էր, սակայն ուրախալի էր այն փաստը, որ ջրամբարի ջուրը մաքուր է։

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

 

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

 

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

 

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ։ Նա շեշտել էր. «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար»:

Սարսանգի ջրամբար

Սարսանգի ջրամբար

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը հաճախակի էր շահարկում Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի թեման՝ փորձելով դիվիդենտներ շահել տեղեկատվական պատերազմի հարթակում՝ հայերին ներկայացնելով «ագրեսոր», ինչպես նաև Թարթառի շրջանի ադրբեջանցիների բողոքներին ի պատասխան սեփական անգործության մեղքը բարդելով Արցախի իշխանությունների վրա:
Այսպես, 2011-ի հունիսին ադրբեջանական «Ականների դեմ» կազմակերպությունը էլետրոնային նամակներ էր ուղարկել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հասցեներին, որտեղ ասվում էր մոտավորապես հետևյալը. «հայերը ականապատում են Թարթառ գետը, երբեմն էլ մանկական խաղալիքների վրա ամրացնում են պայթուցիկներ և ուղարկում գետով դեպի Ադրբեջան»: Նշվում էին բնակիչների անուններ, սակայն լուսանկարներ ու տեսագրություն բացակայում էին:
2013-ի ապրիլին ադրբեջանական կայքերը լուրեր տարածեցին՝ իբր «հայերը Թարթառ գետում ականներ են դրել, գետը չորանում է, տեղի բնակիչները գտել ու վնասազերծել են 13 չպայթեցված զինամթերք»: Ականների հայտնաբերման լուսանկարներ, տեսագրություն, դրանք իբր հայտնաբերած բնակիչների տվյալներ չկան:
Արցախի փոխվարչապետի առաջարկը ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար շահավետ քայլ էր, հատկապես որ օգոստոսի 12-ին Ադրբեջանի տարածքի Թարթառի շրջանի բնակչությունը բողոքի ցույց էր կազմակերպել ՏԻՄ գրասենյակի մոտ՝ պահանջելով արտեզյան հորեր կառուցել, ապահովել ջրամատակարարում:
Առաջարկին Ադրբեջանն ըստ էության պաշտոնապես չպատասխանեց։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում հրապարակվեցին տարբեր տեղական փորձագետների արձագանքը՝ հայտարարությունների տեսքով, որոնք վկայում էին՝ իբր Սարսանգի ջրամբարը ողբալից վիճակում է, կարող է փլվել, և ջուրը կողողի ադրբեջանական սահմանամերձ շրջանները։
Ինչ վերաբերում է ջրամբարների մաքրման աշխատանքներին, ապա այդ միջոցառմամբ ակնհայտ դարձավ՝ ջրամբարը չի կործանվում, ամեն ինչ կարգին է, ջուրը մաքուր է, բացի այդ՝ Արցախի անունն ընդգրկվեց մասնակից մյուս երկրների շարքում՝ ևս մեկ անգամ ճանաչելի դառնալով միջազգային հանրությանը որպես հայկական տարածք։ Միջոցառումը նաև փաստեց, որ Արցախը բաց է համագործակցության համար։

One response to “Ռազմավարական նշանակության Սարսանգի ջրամբարը մաքրեցին միջազգային միջոցառման առիթով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *