ԱՄՆ ռազմածովային ուժերի «Բոնհոմ Ռիչարդ» նավի հրամանատար Դենիել Դյուսեկին ազատել են ծառայությունից։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա կապված է նավատորմում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալին։ Այս մասին գրում է ամերիկյան բանակի պաշտոնական ամսագիր Stars and Stripes-ը։
Հրամանատարի նկատմամբ դեռևս մեղադրանք առաջադրված չէ, բայց նրան հեռացրել են ծառայությունից «հրամանատարություն կատարելու համար վստահությունը կորցնելու» պատճառով։ Թե ինչն է դարձել նման որոշման պատճառ, դեռևս հայտնի չէ։
Սկանդալն առաջ էր եկել սեպտեմբերին, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է 7-րդ նավատորմի ստուգումների արդյուքները։ Ըստ այդ արդյուքների՝ որոշ սպաների ձերբակալել են կոռուպցիոն համակարգ ստեղծելու համար։
Նրանք համաձայնել են սինգապուրյան մասնավոր Glenn Defense Marine Asia ընկերությանը վճարել միլիոնավոր դոլարներ նավատորմի նավերին ծառայություններ մատուցելու համար։ Ի պատասխան դրան՝ ընկերությունը սպաներին մատակարարել է մարմնավաճառների, ինչպես նաև նրանք թռել են մասնավոր ճոխ ինքնաթիռներով։
Բացի այդ, հայտնաբերվել է, որ սպաներից մեկն էլ Glenn Defense Marine Asia ընկերության ներկայացուցիչներին ռազմական գաղտնիք է տվել։
Այս համատեքստում դեռևս չի հայտարարվում, թե ինչ դերակատարություն է ունեցել Դյուսեկը։ Նրա փոխարեն այժմ հրամանատարի պաշտոնում է Մյուրեյ Տինչը։