Ճապոնիայի կործանիչներն օդ են բարձրացվել չինական ինքնաթիռի պատճառով

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կործանիչները տագնապի ազդանշանով երկինք են բարձրացել չինական Y-12 ուղևորատար ինքնաթիռների՝ վիճելի Սենկակու կղզիներին մոտենալու պատճառով։
Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբը։

Y-12 չինական ինքնաթիռ

Y-12 չինական ինքնաթիռ

Ընդ որում, իրականում Ճապոնիայի օդային տարածքի խախտում չի եղել։ Չինական ինքնաթիռը ճապոնական կործանիչների օդ բարձրանալուց հետո փոխել է ուղղությունը կղզիներից 100 կմ դեպի հյուսիս տարածքում, ապա ուղևորվել դեպի Չինաստան։
Ճապոնիայի առափնյա պարեկային ծառայությունից հայտնում են, որ Չինաստանին պատկանող 4 սահմանապահ նավեր նույն օրը մոտեցել էին Սենկակու կղզիներին։
Նշենք, որ Ճապոնիան բացասական էր արձագանքել, երբ սեպտեմբերի 9-ին Չինաստանի ռմբակոծիչները թռիչքներ էին իրականացրել Ճապոնիայի սահմաններին կից՝ ծրագրային ուսումնամարտական վարժանքների շրջանակներում։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի ու Չինաստանի հարաբերություններն ավելի են սրվել, երբ 2012-ի սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը անհատ ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու արշիպելագի 5 կղզիներից 3-ը։ Այդ կղզիները Չինաստանը համարում է իր պատմական տարածքները։ Կղզիների պատկանելության վեճը Չինաստանի ու Ճապոնիայի միջև ծագել է 1970-ականների սկզբից։ Ճապոնիան պնդում է, որ կղզիներում հաստատվել է 1895-ից, իսկ մինչ այդ դրանք որևէ պետության չեն պատկանել։
Ըստ պաշտոնական Պեկինի դիրքորոշմամբ՝ կղզիները ընդգրկված էին Չինաստանի կազմում դեռևս 600 տարի առաջ, իսկ ճ1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա դրանք նշված են որպես չինական տարածքներ։
Հավելենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիներն ԱՄՆ-ի վերահսկողության ներքո էին, ապա 1972-ին դրանք Օկինավա կղզիների հետ տրամադրվեցին Ճապոնիային։ Կղզիները հարուստ են բնական պաշարներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *