Գերտերությունները զորքեր են տեղակայում Հորմուզի նեղուցում, իսկ ՀԱՊԿ-ն լարվածության թուլացման կոչ է անում. օրվա ամփոփում

Մամուլն այսօր ավելի շատ անդրադարձել էր ռազմական ոլորտի՝ միջազգային նորություններին, ինչը պայմանավորված է Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության մեծացմամբ: Այս ընթացքում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեծացնում են ռազմական ներկայացվածությունը Իրանի ափերի մոտ:

  • ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն սկսել են զորքերի տեղափոխումը Պարսից ծոցի տարածաշրջան: Ներկայումս Պարսից ծոցում է գտնվում ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը: Նրան ուղեկցում են հրթիռային հածանավը եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ականակիր նավ եւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մեկական նավ: Հորմուզի նեղուցից արեւելք ` Արաբական ծովի հյուսիսային մասում, Իրանի հարավարեւելյան  ափերի մոտ գտնվում է  ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրային հարվածային խումբը` «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Ներկայում Քուվեյթում արդեն տեղակայված են ամերիկյան երկու բանակային և մեկ ուղղաթիռային բրիգադներ` 15 հազ, ընդհանուր թվաքանակով: Իսկ Ծոցում նավարկող ամերիկյան դեսանտային նավերի վրա մոտ 2 հազ դեսանտային է գտնվում:
  • Տեղեկացված ռազմական աղբյուրներին հղում անելով՝ իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ Ֆրանսիան «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակիրը կուղորդի Պարսից ծոցի շրջան:
  • «Իրանն ունակ է միջուկային զենք ստեղծել: Իրանում միջուկային զենքի ստեղծման խնդիրը միայն քաղաքական հարթության վրա է, եթե որոշում կայացվի, ապա այն կստեղծվի: Մենք կարծում ենք, որ Իրանը նաև կարող է հրթիռները որպես միջուկային զենք կրելու միջոց օգտագործել»,- ասել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Ջեյմս Կլեպպերը:
  • Մինչ Իրանի ափերի մոտ նոր ուժեր են կուտակվում՝ Իրանն ավելացնում է պաշտպանության ոլորտի ծախսերը 12,7 տոկոսով, իսկ ֆինանսական մուտքերը՝ 20 տոկոսով:
  • ԱՄՆ պաշտոնաթող գեներալները կոչ են անում Օբամային պատրաստվել Իրանի դեմ պատերազմին: Մասնավորապես, ակտիվացնել հետախուզադիվերսիոն աշխատանքն Իրանում, լրացուցիչ հարվածային ավիացիոն խումբ գործուղել, լայնածավալ զորավարժություններ անցկացնել դաշնակիցների հետ, օգնել Սաուդյան Արաբիային ու մյուս լոյալ երկրներին նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ գտնել:
  • Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության մեծացմամբ անհանգստացած է նաև ՀԱՊԿ-ն և հորդորում է բոլոր կողմերին չլարել իրավիճակը Հորմուզի նեղուցում:
  • Իսրայելում ստեղծվել է ռազմական նոր «Դիպ կո» ստորաբաժանում` հակառակորդի խոր թիկունքում գործողությունների անցկացման համար:
  • Վրաստանին առաջին հերթին ամերիկյան ՀՕՊ և հակատանկային համակարգեր են պետք: Հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գիորգի Թարգամաձեն:
  • Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2015 թ.-ը 90 մլրդ ռուբլի է ծախսելու նոր զինապահեստների շինարարության և հների վերանորոգման վրա:
  • ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացառում է Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը:
  • «Մենք կտրականապես հայտարարում ենք, որ Սիրիային ռուսական զենքի մատակարաման ոչ մի էմբարգոյի մենք չենք գնա»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական նեկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Անդրադառնալով հայաստանյան լուրերին՝ նշենք, որ Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին եւ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարը նաև այցելել է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և հանձնել «Մարտական ընկերոջս» ` նախարարի կողմից Սպարապետին տրված հետմահու հուշամեդալը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *