2014-ին ՌԴ Զինված ուժերը նախատեսում են ձեռք բերել 750 միավոր զրահատեխնիկա, այդ թվում Թայֆուն-Ու զրահամեքենաների փորձնական խմբաքանակ։
Ներկայումս «Ուրալ»ընկերության նախագծողները դեռ նոր են սկսել Թայֆուն ընտանիքի հատուկ պաշտպանվածությամբ զրահամեքենաների նախագծումը։ Նախագծումը կավարտվի 2014-ին, որից հետո մեքենան կանցնի փորձարկումներ։
Նախատեսված է Թայֆունների ընտանիքում ունենալ 4×4 (զանգվածը՝ 6 տոննա), 6×6 (զանգվածը՝ 10 տոննա) և 8×8 (զանգվածը՝ 15 տոննա) ընթացամասերով մեքենաներ։
Բոլոր մեքենաների վրա տեղադրված կլինեն միևնույն 450 ձիաուժանոց ՅաՄԶ-536 շարժիչները, մարտական տեղեկատվա-ղեկավարման համակարգերը, հակաականային ու հակափամփուշտային պաշտպանության համակարգերն ու անհատական հիդրոպնևմատիկ կախոցները։
Մեքենաների վրա կարող է տեղադրվել հեռակառավարվող մարտական հանգույց, որի վրա տեղադրված կլինի գնդացիր կամ ավտոմատ նռնականետ։ Մետաղակերամիկական կոմբինացված զրահը կապահովի STANAG 4569 4-րդ մակարդակի պաշտպանվածություն բոլոր կողմերից։
Նշենք, որ STANAG 4569 4-րդ մակարդակը նշանակում է, որ մեքենան պաշտպանված է 14,5 մմ փամփուշտներից (արձակված 200 մ հեռավորությունից ու 911 մ/վ արագությամբ), 155 մմ արկի պայթյունից (մինչև 30 մ հեռավորության վրա) ու հակատանկային ֆուգասային ականի պայթյունից (ականի լիցքի քաշը մինչև 10 կգ)։